Ղրիմի, ինչպես նաև արևելյան շրջանների նոր իշխանությունները գնալով ավելի են հեռվանում Կիևից և ամրապնդում իրենց դիրքերը իրենց համապատասխան շրջաններում: Նախորդ շաբաթվա վերջին մենք Ռուսաստանից վերջապես տեսանք լուրջ և հստակ քայլեր Ուկրաինայում տեղի ունցող զարգացումների վերաբերյալ, որոնք իրենց հերթին նպաստում են հենց այդ նույն շրջաններում իշխանությունների ապրապնդմանը և կոշտ «հակամայդանական» դիրքորոշումներ որդեգրելուն: Ռուսաստանի Գերագույն խորհուրդը երկրի նախագահ Վլադիրմիր Պուտինին թույլատրեց անհրաժեշտության դեպքում զորք մտցնել Ուկրաինա: Սա, ըստ երևույթին, նշանակում է Ռուսաստանի կողմից լուրջ երաշխիքներ Ուկրաինայի արևելյան, հարավարևելյան, ինչպես նաև Ղրիմում բնակվող իրենց հայրենակիցների և առհասարակ ամբողջ ռուսախոս համայնքի համար: Երաշխիք, որը թույլ կտա չընկճվել և պայքարել «մայդանցիների» դեմ: Եթե ավելի պարզ խոսենք, ապա Ռուսաստանը ուղղակիորեն կներքաշվի Ուկրաինայի հետ պատերազմի մեջ, եթե Կիևը որոշի ուժ կիրառել վերոնշյալ շրջաններում:
Այս համատեքտում կարևոր է նշել Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի և Ուկրաինայի Գերագույն ռադայի և նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը, որի ժամանակ ռուս պաշտոնյան ասել է, որ եթե Ուկրաինան ուժ կիրառի, ապա Ռուսաստանը Տուրչինովին կճանաչի որպես ռազմական հանցագործ: Իսկ առանց ուժ կիրառելու էլ, անձամբ ես, չեմ պատկերացնում, թե Կիևն ինչպես պետք է իրեն ենթարկի, ասենք, հենց Ղրիմը, որի ամբողջ տարածքը վերահսկվում է թերակղզու իշխանությունների կողմից, իսկ այդ իշխանությունները չեն ճանաչում «մայդանցիներին»՝ որպես լեգիտիմ իշխանություն:
Եկեք այժմ կենտրոնանաք հենց Ղրիմի վրա, որը ներկայումս առավել կազմակերպված է և նախաձեռնողական: Հանրապետությունում տեղի է ունենում շարունակական իշխանության կենտրոնացում, և այդ կենտրոնացումը մասնավորապես տեղի է ունենում «Ռուսական միասնություն» կուսակցության առաջնորդ Սերգեյ Աքսյոնովի ձեռքերում: Օրերս Աքսյոնովը որոշում էր կայացրել ժամանակավորապես իր անմիջական ենթակայության տակ առնել բոլոր ուժային կառույցները, իսկ մարտի 2-ին նա որոշում կայացրեց ինքնավար հանրապետության համար ձեռնամուխ լինել ձևավորելու ռազմածովային ուժեր: Նշեմ, որ այս բլորը գործընթացների կոնտեքստում Ուկրաինայի բանակից մասսայական կերպով զորացրվում են զինվորականներ, որոնք հիմնականում համալրում են Ղրիմի ինքնապաշտպանական ջոկատները:
Դե ինչ, կարելի է եզրակացնել, որ փաստորեն Ռուսաստանը անցավ այն կարմիր գիծը, որից ետ դարձի ճանապարհ այլևս չկա. Ռուսաստանը փաստացի դարձավ Ղրիմի և մի շարք այլ «ապստամբ» շրջանների հովանավոր: Նման հանգամանքները իրավիճակը ենթարկում են էսկալացիայի և, ինչպես երևում է, ռազմական բախումներն այլևս անխուսափելի են: Այժմ, կարծում եմ, Ուկրաինայի ներկայիս իշխանությունները և միջազգային հանրությունը՝ ի դեմս Արևմուտքի, պետք է փորձեն հնարավորինս նվազեցնել Ուկրաինայի` որպես պետության կորուստները նվազագույնի, եթե, իհարկե, նման շահագրգռվածություն կա: Ռուսաստանն էլ իր հերթին պետք է ամեն քայլն անելուց առաջ յոթը չափի մեկը կտրի, որպեսզի չհայտնվի միջազգային մեկուսացման մեջ, որն իրականացնելու համար Արևմուտքը ջանք ու եռանդ չի խնայում, և որի շուրջ արդեն իսկ տարվում են աշխատանքներ: