«Պատմությունը ապագայի ուսուցիչն է». ասում է չինական ասացվածքը: Ցավոք մենք՝հայերս երբեք էլ չհասկացանք այս պարզ ճշմարտությունը, պատմությունից դասեր չքաղեցինք: Խոսքս հիմնավոր դարձնելու համար օրինակներ բերեմ մեր պատմության ամենահայտնի էջերից:
1. Ստանալով Հազկերտի հրովարտակը, հայերը մարզպան Վասակ Սյունու գլխավորությամբ, քննարկեցին այն Արտաշատում եւ օգնության համար դիմեցին դրսին, այդ թվում Բյուզանդիայի կայսեր Թեոդոիոս կայսրի մոտ պատվիրակություն ուղարկեցին: Արդյունքը հայտնի է, Թեոդոսիոսը ուշացրեց պատասխանը, այնքան մինչեւ մահացավ, իսկ նոր կայսր Մարկիանոսը հայերի այս քայլի մասին տեղյակ պահեց պարսիկներին: Սա էլ սկիզբ դարձավ Վարդան-Վասակյան հակամարտությանը, հայոց ազգն իր համար այդ դժվարին պահին բաժանվեց իրար հակառակ ճամբարների...Սա էր քրիստոնեական աշխարհի վերաբերմունքը քրիստոնյա հայի նկատմամբ: 
2.Շատ է շահարկվում Սեւրի պայմանագիրն ու գերագնահատվում նախագահ Վիլսոնի «հայանպաստ» իրավարար վճիռը: Սրան նախորդել էր ամերիկյան սենատի արտաքին հանձնաժողովի կողմից Հայաստանի մանդատը մերժելու որոշումը, ինչը հիմնված էր ամերիկյան շահերը բացահայտող՝ Գեն. Հարբորդի միսսիայի ամերիկյան շահին հակասող զեկուցագիրը: Ավելին, դեռ չչորացած թանաքը Սեւրի պայմանագիր տակ, այն ստորագրող տերությունները սկսեցին հայտարարություններ անել այն վերանայելու անհրաժեշտության մասին: Կրկին վճռականությունը չհերիքեց արեւմուտքին «ծառայելու քաղաքակրթությանը՝ հայ ժողովրդին»:
3. Կապված Ուկրաինայի եւ Ղրիմի իրադարձությունների հետ, այսօր այս նույն արեւմուտքը անընդհատ շեշտում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պահպանելու՝ «միջազգային իրավունքի» կարեւորագույն սկզբունքի անհրաժեշտությունը: Այսինքն Արցախի հարցում արեւմուտքը նույն դիրքերում է: Հայերիս մեջ կա մի վատ սովորույթ. լինել ավելի կաթոլիկ, քան Հռոմի պապն է: Որոշ գրանտակեր, արեւմուտքի հետույքում իրենց տաքուկ տեղը պահպանող կոսմոպոլիտներ եւ իրենց ժողովրդավար ու մարդասեր հռչակած հայ «մտավորականներ», դատապարտում են Ռուսաստանի գործողությունները Ղրիմում: Այսինքն քննադատում, դատապարտում ու մեղադրում են Հայաստանին ու ամբողջ հայ ժողովրդին Արցախին ցույց տված ու տրվող օգնության համար: Իսկ որոշների մտքի թռիչքները հասան այնտեղ, որ Հայ ազգի պանծալի զավակ Արմեն Հովհաննիսյանին սկսեցին համեմատել, դասալիք ու կոսմոպոլիտ, մայդանում սատկած ոմն սերգեյ նիգոյանի հետ: 
4.Միանգամայն ճիշտ էր Հովհաննես Թումանյանը,երբ Իսահակյանին հասցեագրված նամակում գրում էր.«…Ես չեմ ուզում և չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թեև դու հարցնում ես: Կարճ ասեմ՝ մենք թե դրսից, թե ներսից քանդեցինք մեր երկիրը: Գլխավորապես մենք: Մենք եմ ասում, և սրա մեջն է ճշմարտությունը: Մի մասը խանգարող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, և չերևաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերեր: Էսքան աղետների ու պարտությունների մեջ ոչ մի մեղավոր չերևաց, ոչ ոք ոչ պատասխանատվության կանչվեց, ոչ պատասխան տվեց: Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը նույն ճանապարհներով… Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցեր, որ գոնե ամոթ ու խղճմտանք կա այս մարդկանց մեջ: Բայց ես ինչ եմ ասում-չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երևալ»: 
5.Եթե խելքի չգանք ու չդադարենք հավատալ ուրիշին, ապա մեր տեղը պատմության թանգարանում ապահովված է...Որպես ամփոփում կցանկանայի հիշեցնել Գարեգին Նժդեհի խոսքերը. « Պայմանագրերն ապրում են այնքան ժամանակ քանի ապրում են նրան ծնունդ տվող պայմանները: Պետությունները հաշվի են առնում միջազգային իրավունքը եւ հարգում իրենց ստորագրած պայմանագրերը այնքան ժամանակ, քանի դեռ շահում են գոյություն ունեցող դրությունից, սակայն հենց որ մի այլ դրություն, հենց որ թղթե մի նոր բարեկամություն իրենց ավելի շահավետ թվաց, նրանք թքում են պայմանագրերի վրա, լքում իրենց նախկին զինակիցներին եւ սպառնում աշխարհի խաղաղությանը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել