Այսօրվա իրադարձություններին որակում տալը շատ դժվար է: ԲՀԿ-ն ամպագոռգոռ ձևով հայտարարեց այսօրվա հանրահավաքին միանալու մասին: Հաշվի առնելով այդ կուսակցության ռեսուրսները, ապա նրանց մի քանի հոգանոց պատվիրակության ներկայությունը տվյալ հանրահավաքին որակել որպես ԲՀԿ-ի ընդդիմադիր դաշտ անցնելու քայլ՝ անհնար է: Մյուս կողմից այսօրվա իր ելույթի ընթացքում առաջին նախագահը խոսեց ֆանտաստիկ քառյակ ձևավորելու մասին, և դա այն դեպքում, երբ ԲՀԿ-ի առաջնորդը դեռ շարունակում է իր թիմին պահել նեյտրալ դաշտում: Ինչ վերաբերում է ելույթներին, ապա ՀԱԿ-ին «միացած» կուսակցությանը խոսք չտրվեց: Այսօրվա հանրահավաքին իհարկե զգացվում էր Նիկոլ Փաշինյանի բացակայությունը (մաղթում եմ շուտափույթ ապաքինում): Այս ամենին հակառակ Լևոն Զուրաբյանը փորձեց փակել այդ բացը, այնինչ նրա ելույթը նման էր դանայան տակառի. օգտակարության գործակիցը բացակայում էր, և խոսում էր բացառապես խոսելու համար: Հանրահավաքին ներկա էր Րաֆֆին, որի ներկան հավասար էր բացակայի: Իսկ ահա հանրահավաքից առաջ իր սեփական հանրահավաք անցկացնող Հայրիկյանը որակեց Օպերայի հանրահավաքը որպես բացառապես լևոնականների հավաք, և իր «բազմամարդ» թիմը չցանկացավ ներգրավել այդ հավաքին: Այսօրվա հանրահավաքների մեջ ամենազզվելի պահը համարում եմ Սաքունցի ծլվլոցը: Նույնիսկ եթե չխոսար, իր ներկայությունը պատիվ չի բերում և ոչ մի քաղաքական ուժի: Այսօրվա իր ելույթների մեջ պարզ էր այն, որ ՀԱԿ-ը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, դեմ չի Մաքսային միության անդամակցելուն, և բացառապես խնդիր է դնում իր առաջ ներկայանալ հզոր իշխանությամբ: Դրական կորակեմ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, որը կապված էր իշխանափոխության փորձերը խաղաղ ճանապարհով լուծելու մասին: Ի տարբերություն որոշ ՀԱԿ ակտիվիստների՝ իրենց առաջնորդը խելացի ձևով է փորձում կառուցել իր քաղաքական ծրագիրը: Օրը ավարտվեց առանց բախումների: Որոշ արկածախնդիր մարդիկ իհարկե հիասթափվեցին. Մայդան տեղի չունեցավ, և փորձեր չարվեց երկիրը կործանման տանելու համար: 

Օրվա հումորային մասը իհարկե Զուրաբյանի ելույթի այն մասն էր, երբ նա նշեց, որ մի երկու հանրահավաք հետո գործող իշխանությունները կնահանջեն, այնինչ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը այլ բան էր ասում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել