Ղրիմում իրավիճակը գնալով սրվում է: Ըստ ինքնավար հանրապետության իշխանությունների՝ երեկ ուշ գիշեր Կիևից ուղարկված մի խումբ զինված անձինք փորձել են գրավել Գերագույն խորհրդի և նախարարների խորհրդի շենքերը: Հիշեցնենք, որ դրա նախօրեին էլ փորձ էր արվել գրավել ինքնավարության ներքին գործերի նախարարության շենքը, որի կապակցությամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր իր մտահոգությունը և կոչ արել Կիևում գտնվող այն պաշտոնյաներին, ովքեր պատասխանատու են նման նախաձեռնությունների համար, ձերծ մնալ լարվածությունը մեծացնելուն ուղղված քաղաքականությունից: Ելնելով ստեղծված իրավիճակից` քիչ առաջ նախարարների խորհրդի առաջին նիստի ժամանակ, Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսյոնովը հայտարարել է, որ նախատեսված հանրաքվեն կանցացվի ոչ թե մայիսի 15-ին, այլ մարտի 30-ին: Վերջինս դա հիմնավորել է նրանով, որ տվյալ հակամարտությունն արդեն անցնում է ողջամտության բոլոր սահմանները:
Ինչպես երևում է, բոլորի նյարդերը սկսել են տեղի տալ: Նշենք, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար ադմիրալ Իգոր Տենյուխն այսօր ասել է, որ Ռուսաստանն արդեն շուրջ 6000-անոց զորք է մտցրել Ղրիմ՝ 30 հատ БТР-80 տանկերի հետ միասին: Ըստ ադմիրալի՝ դրան ի պատասխան Ուկրաինայի բանակը բերվել է մարտական բարձր պատրաստականության վիճակի: Չնայած Տենյուխի այս հայտարարությանը՝ նշեմ, որ ավելի վաղ Ղրիմի վարչապետ Աքսյոնովը հայտարարել էր, որ ժամանակավորապես իր ուղղակի վերահսկողության և ենթակայության տակ է վերցնում ուժային բոլոր կառույցները:
Իրավիճակն, անկասկած, պայթյունավտանգ է: Ցանկացած անզգույշ քայլ կարող է սադրել լայնամասշտաբ ռազմական գործողություններ՝ Ուկրաինայի ամբողջ տարածքում:
Տեսեք, ոչ ոք պատշաճ ուշադրություն չի դարձնում այն հանգամանքին, որ բացի Ռուսաստանից, այս հակամարտության մեջ կան ևս մի քանի շահագրգիրռ կողմեր: Ոչ ոք չի խոսում այն մասին, որ Ուկրաինայի մյուս անմիջական հարևանները ինտենսիվ կերպով սկսել են իրենց համապատասխան ազգակիցներին բաժանել համապատասխան անձնագրեր, ովքեր, ի դեպ, մեծամասամբ ապրում են Ուկրաինայի արևմտյան մասում և իրենց երկրներին սահմանակից տարածքներում: Այնպես իմիջիայլոց էլ նշեմ, որ այդ արևմտյան մասը, որպես այդպիսին, ոչ մի անգամ չի եղել Ռուսական կայսրության մաս, այլ տարբեր ժամանակաշրջաններում պատկանել է եվրոպական տարբեր պետությունների, իսկ եթե ավելի կոնկրետ և մեկ կայսրության մեջ տեղավորելու լինենք, ապա կարելի է ասել, որ այդ տարածքը եղել է նախկին Ավստրոհունգարական կայսրության մաս:
Ասածս հետևյալն է`եթե հանկարծ սկսվեն ռազմական ընդհարումներ Ղրիմում, ապա Կիևի իշխանությունները ոչ թե պետք է հիմնականում վախենան Ռուսաստանից և կնքեն նրան որպես ազգի թշնամի, այլև գիտակցեն, որ Ուկրաինայի մյուս հարևանները իրենց ձեռքից այդ հնարավորությունը հաստատ բաց չեն թողնի, առավելևս, երբ նույնիկս բուն հեղաշրջումից առաջ իրենց «պատմական հողերի վերադարձի» մասին լայն քննարկվում էր, օրինակ, հենց նույն Ռումինիայում, Լեհաստանում և մասնավորապես Հունգարիայում, իսկ այժմ էլ, ինչպես քիչ առաջ նշեցի, տարվում են աշխաքանքներ՝ անձնագրեր տրամադրելու ուղղությամբ: Այնպես որ, հուսանք, որ ականատեսը չենք լինի ռազմական բախումների և ռազմական ներխուժման, այլապես այս ամենը կվերածվի Ուկրաինայի բզկտմանը, իսկ եթե ավելի հոռետեսական սցենարի հավատանք՝ կարող է հանգեցնել ընդհուպ մինչև երրորդ համաշխարհային պատերազմի, որը չեն բացառում բազմաթիվ փորձագետներ: