Իշխանությունը շատ օպերատիվ կերպով կարողացավ իր ռուս գործընկերների հետ բանակցության մեջ մտնելով՝ հասնել 90-օրյա ժամկետի փոխարինմանը 150 օրով: Երանի այսպիսի փութկոտությամբ բանակցությունների մեջ մտնեին ազգային անվտանգության և ազգային կենսական շահերի ապահովման հարցերով և հասնեին արդյունքի, օրինակ՝ գազային համաձայնագիրը կամ ռազմաբազայի ֆինասավորման հարցը և այլն: Ուրեմն, իշխանությունը գնում է այնպիսի որոշումների կայացմանը, որոնք անմիջական վտանգ են ներկայացնում, որովհետև այդ մարդիկ գալու էին Հայաստան և համալրելու գործազուրկների շարքը, իսկ չզբաղված մարդը միշտ հեղափոխական է: Սա ցույց տվեց, որ իրականում հնարավոր է Ռուսաստանի հետ մտնել բանակցությունների մեջ, կամ, նվազագույնը՝ սակարկել, և չկա մի որևէ երկիր, որը մեկ այլ երկրի ստիպի, որ վերջինս դեմ գնա իր ազգային շահերին, առավելևս, երբ խոսքը վերաբերում է արժեքներին, իսկ մեր տնտեսական անվտանգությունը հենց արժեք է: Հետևապես, պետք է չեղյալ համարել գազային խայտառակ համաձայնագիրը և բանակցությունների մեջ մտնել Իրանի հետ՝ նավթ ու գազ ներկրելու համար: Այդ ժամանակ Ռուսաստանը ստիպված ավելի հարգալից կլինի Հայաստանի հետ հարաբերություններում: Այլընտրանքը քաղաքականության ոսկե ռեզերվն է, մի հանձնեք այն մոնոպոլիստին: Ռուսաստանը երբեք չի կարող լինել լեգիտիմության աղբյուր, նախ, որովհետև դրա միակ և իրական աղբյուրը ժողովուրդն է, և ապա Մոսկվան երբեք չի թույլ տալիս, որպեսզի այն դառնա ռացիոնալ, առավելևս՝ լեգալ, Մոսկվան միշտ լեգիտիմությունը դարձնում է տրադիցիոն, որը ավանդաբար բխում է ռուս կայսրերի «բարի» կամքից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել