Ուկրաինայի արևելքն էլ է ոտքի ելնում Ղրիմի օրինակով: Այսօր Դոնեցկի շրջանի պատգամավորները դիմել են Ուկրաինայի Գերագույն ռադային՝ պահանջելով, որ վերականգնեն «Լեզվի մասին» չեղարկված օրենքը, շուտափույթ զինաթափել ապօրինի զինված խմբավորումները ու անցնել տնտեսական ֆեդերալիզմի:
Սա կարելի է ասել շատ չոր ու վերջնագրային պահանջ է, որովհետև այն սկզբունքորեն հակասում է այն ամենին, ինչի համար պայքարում են նույն արևմտյան շրջանների ազգայնականները, Յացենյուկը, Կլիչկոն և այլոք, ովքեր զավթել են իշխանությունը: «Լեզվի մասին» օրենքի վերականգնումը ուղղակիորեն խփում է ուկրաինական ազգայնականների շահերին, դե իսկ զինված խմբավորումների զինաթափումը առհասարակ անհնար է թվում իրականացման տեսակետից, որովհետև ոստիկանությունը բարոյալքված է, իսկ փողոցներում մահակներով ու հրազենով շրջող բանդերականները դժվար թե համաձայնեն կամավոր կերպով հանձնել զենքերը:
Ինչ վերաբերում է տնտեսական ֆեդերալիզմի անցնելուն, ապա դա ընդհանրապես անընդունելի է հատկապես Արևմտյան Ուկրաինայի համար, քանի որ ուկրաինական տնտեսության ողնաշարն ու հիմնական եկամուտը ապահովող արդյունաբերական ենթակառուցվածքը կենտրոնացած է հենց արևելքում, իսկ տնտեսական ֆեդերալիզմը ենթադրում է, որ դրանցից գոյացող եկամուտներն ու հարկերը մնում են այդ ռեգիոնում, այլ ոչ թե ուղարկվում են կենտրոն ու, ըստ անհրաժեշտության, բաշխվում բոլոր ռեգիոնների մեջ: Եթե նման բան լինի, ապա մի քանի ամսից արևմուտքում սով կսկսվի:
Միանշանակ կարելի է ասել, որ Կիևը կմերժի արևելյան Ուկրաինայի պատվիրակների այս պահանջները, իսկ թե ինչի կբերի դա՝ ասելը բարդ է: Կախված է նրանից, թե ինչպես իրեն կպահի Ռուսաստանը ու որքանով հաստատակամ կգտնվեն արևելքի բնակիչները:
Ամեն դեպքում, Ուկրաինայի ճգնաժամը միայն ավելի է խորանում ու եթե այսպես գնա, ապա շաբաթներ անց մարդիկ երանությամբ կհիշեն Յանուկովիչի կառավարման շրջանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել