Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ քննարկվել են մի շարք ոլորտներում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակվել տարածաշրջանային մի շարք հարցերի վերաբերյալ: Դրանից զատ, նաև եղել են փոխադարձ գովեստի և «երկու եղբայրական ժողովուրդների» մասին ամպագորգոռ հայտարարություններ: Այսօր մնացել են ընդամենը մի քանի արարողակարգային միջոցառումներ, որոնցից հետո Վրաստանի նախագահի պաշտոնական այցը Հայաստանում կավարտվի: Այս ամենն ամփոփելով՝ կարելի է պարզապես ասել, որ Վրաստանի նորընտիր նախագահը Գեորգի Մարգվելաշվիլին իր ընտրվելուց շուրջ չորս ամիս անց վերջապես լայաղ արեց և այցելեց նաև Հայաստան` Ադրբեջան, Թուրքիա և մի շարք այլ երկրներ այցելելուց հետո:
Ստացվում է այնպես, որ երկու նախագահները՝ իրենց պատվիրակություններով հանդերձ, խոսել են ամեն ինչի և միևնույն ժամանակ ոչինչի մասին: Նշենք, որ ոչ մի երկկողմ փաստաթուղթ չի ստորագրվել և չի էլ նախատեսվում, որ կստորագրվի: Կարճ ասած, սա այն ամենասովորական, սիմվոլիկ այցն էր, որը որ կարելի էր սպասել` հաշվի առնելով մեր դարավոր կեղծ բարեկամական և եղբայրական հարաբերությունները: Մենք միշտ ժպտում են միմյանց երեսին, իսկ շրջվելուց հետո անմիջապես վերադառնում իրականություն: Այն իրականությունը, որտեղ որ մենք ոչ մի ընդհանրություն չունենք: Մի կողմ թողնելով մեր պատմական հարաբերությունները՝ եկեք նայենք ներկային և համոզվենք, որ ընդհանրություն գրեթե չկա:
1. Այսօր մենք ունենք Արցախի միջազգային ճանաչման խնդիր, իսկ Վրաստանը կանգնած է տարածքային ամբոջականության վերականգնման խնդրի առջև: Այլ կերպ ասած, այս հարցում մենք միմյանց, մեղմ ասած, չենք աջակցում:
2. Այսօրվա դրությամբ Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է, այն դեպքում, երբ մենք փաստացի պատերազմական վիճակում ենք Ադրբեջանի հետ:
3. Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա համատեղ ծրագրերի արդյունքում Վրաստանը նպաստում է Հայաստանի մեկուսացմանը տարածաշրջանում:
4. Մենք մեր հերթին ռազմավարական գործընկերներ ենք Ռուսաստանի հետ, մինչդեռ Վրաստանն էլ իր հերթին իրեն համարում է ագրեսիայի զոհ և գործնականում հարաբերություններ չունի Ռուսաստանի հետ:
5. Վերջապես Հայաստանը ընտրել է Մաքսային միության երկրների հետ ինտեգրման ճանապարհը, իսկ Վրաստանը՝ աշխարհաքաղաքական իմաստով, արմատապես այլ ուղղություն: Այլ կերպ ասած, եթե ընդամենը որոշ ժամանակ առաջ կար գոնե տնտեսական ավելի խորը ինտեգրացիայի հնարավորություն Վրաստանի հետ, այժմ դա էլ չկա:
Ահա և այն իրական պատկերը, որն առկա է մեր երկկողմ հարաբերություններում: Միակ բանը, որը կարող է ինչ-որ չափով նպաստել մեր հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը, դա փոխվստահության մթնոլորտի ձևավորումն է: Ես չեմ խոսում ձևական հանդիպումների և փոխադարձ ժպիտների մասին, այլ նկատի ունեմ անկեղծ, իրական փոխվստահությունը, որին ի դեպ, կարող է նպաստել Վրաստանում առկա բավականին մեծ հայկական համայնքը: Սակայն այս դեպքում էլ մենք կրկին գալիս և կանգնում ենք փոխվստահության այս պակասի արդյունքի առջև: Բանն այն է, որ Վրաստանը դիտարկում է իր տարածքում ապրող հայերին, մասնավորապես ջավախահայությանը, որպես պոտենցիալ անջատողականների:
Դե հիմա ասացեք խնդրեմ. նման պայմաններում ի՞նչ բարիդրացիական և առավելևս եղբայրական հարաբերությունների մասին կարող ենք խոսել: