1in.am-ը գրում է.
Ֆրանսիայի Էքս-ան-Պրովանս քաղաքի Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիին Վրաստան արտահանձնելու հայցը: Այս մասին հայտնում է Trend գործակալությունը:
Ինչպես լրագրողներին հայտնել է Կեզերաշվիլին, ինքն ազատ է և կարող է լքել Ֆրանսիան: Նրա խոսքով՝ դատարանը հնարավոր է համարել Կեզերաշվիլիի քաղաքական հետապնդումը վրացական արդարադատության կողմից և այդ իսկ պատճառով որոշել է նրան չարտահանձնել Վրաստանին:
Վրացական կողմը հրաժարվել է վճռաբեկ բողոք ներկայացնել, այսպիսով՝ վճիռը վերջնական է:
Կեզերաշվիլին ձերբակալվել էր 2013-ի հոկտեմբերի կեսին Նիցցայի օդանավակայանում Ալբանիա տեղափոխվելու փորձ կատարելիս:
2013-ի հունվարի 30-ին Վրաստանի քննչական մարմինները նրան հեռակա մեղադրանք էին առաջադրել կաշառքի ստացման և էթիլ սպիրտի մաքսանենգությանն աջակցելու վերաբերյալ: Քննության տվյալներով՝ Կեզերաշվիլին, ով 2004-2006թթ. զբաղեցրել է ՖՆ ֆինանսական ոստիկանության պետի և 2006-2008թթ. պաշտպանության նախարարի պաշտոնները, երկու տեղացի գործարարների օգնել է առանց մաքսատուրքի Վրաստան էթիլ սպիրտի ներմուծման ու տեխնոլոգիաների խախտմամբ դրանից կոնյակի սպիրտի արտադրության գործում:
Մեղադրող կողմի կարծիքով՝ անօրինական գործունեության հետևանքով վրացական բյուջեին 50 մլն դոլարի վնաս է հասցվել:



