Ուկրաինայում ծայր առած հեղաշրջման գործընթացքի սկզբից ի վեր՝ հայաստանյան մեր քաղաքական-հասարակական գործիչների մի մասը խոսում էր այն մասին, որ այստեղ ևս անհրաժեշտ է իրականցնել «Մայդան»: Փետրվարի 21-ից հետո, երբ մայդանյան ընդդիմությունը վերջնակապես իր ձեռքը վերցրեց կենտրոնական իշխանությունը, երևույթն ավելի ոգևորեց և գրգռեց այն հատվածը, որը ձգտում է օր առաջ հեղաշրջում տեսնել մեր երկրում: Կարծում եմ՝ այս հարցը պետք է դիտարկել մի քանի կողմից: Նախ պետք է վերլուծել և հասկանալ, թե ինչ է «Մայդանը», ինչ տվեց «Մայդանը» Ուկրաինային, որպեսզի կարողանաք հասկանալ, թե ինչ կարող է դա տալ մեզ, իսկ արդեն դրանից հետո փորձենք հասկանալ՝ արդյո՞ք հնարավոր է Հայաստանում «Մայդան», թե ոչ:
Եկեք շատ օբյեկտիվ կերպով հասկանաք, թե ինչ է նշանակում այս «Մայդանը»: Բացի արևմտյան գունավոր հեղափոխությունների սցենարից, որը կրկնվում է աշխարհի տարբեր մասերում՝ սկսած պոստսովետական տարածքից վերջացրած միջինարևելյան տարածաշրջանով, որին մենք ականատես եղանք «Արաբական գարնան» տեսքով, ես ուրիշ այլ կերպ չեմ կարողանում ընկալել այս երևույթը և առավել ևս, չեմ կարողանում տեսնել այլ արդյունք, քան այն, ինչ տեղի է ունենում այդ հեղափոխություններից հետո:
Արևմուտքում գնում են նման քայլերի, երբ զգում են, որ կարող են պարտվել աշխարհաքաղաքական պայքարում, կամ էլ երբ փորձում են փոխել հենց այդ նույն աշխարհաքաղաքական պատկերը՝ հօգուտ իրենց: Խնդրում եմ ճիշտ հասկանալ ինձ: Այնպես չէ, որ Կիևում ցուցարարներն ամբողջությամբ ծախված դավաճաններ են (էին) և գիտակցված գործիքը Արևմուտքի ձեռքում, բայց ախր փաստը մնում է փաստ, որ կամա, թե ակամա, այդ մարդիկ իրոք դառնում են գործիք՝ աշխարհաքաղաքական շահերի բախման արդյունքում:
Ինձ պարզապես հետաքրքիր է, թե ով չգիտե, որ Արևմուտքը մինչ վերջերս երկու ձեռքով և ոտքով աջակցում էր Յանուկովիչին: Ի վերջո Յանուկովիչն այն թեկնածուն էր, ով եկավ իշխանության` խոստանալով երկիրը տանել ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության և ինտեգրման, բայց Վիլնյուսի գագաթաժողովից հետո նա դարձավ Արևմուտքի աչքի գրողը: Այնտեղ հասկացան, որ սխալ մարդու վրա են հույս դրել և այժմ կարող են Ուկրաինան ձեռքից վերջնականապես բաց թողնել, իսկ թե ինչ եղավ դրանից հետո, մենք տեսնում ենք այսօր: Իշխանության են եկել, այսպես ասած, դեպի Արևմուտք ձգտող ուժեր: Բայց արդյո՞ք դա այդպես է, և եթե այո, ապա ինչ գին է վճարելու Ուկրաինան՝ որպես պետության, և ուկրաինացիք՝ որպես ժողովուրդ դրան հասնելու համար: Շատ չխորանալով ասեմ, որ այսօր Ուկրաինան կանգնած է լուրջ քաղաքական-տնտեսական ճգնաժամի եզրին, իսկ եթե ավելի պատկերավոր ասենք, Ուկրաինան կարող է կորցնել իր պետականությունը և մասնատվել լավագույնը դեպքում երկու մասի և հայտնվել չափազանց ծանր սոցիալ-տնտեսական վիճակում, որի մասին արդեն անթաքույց խոսում են թե´ երկրի ներսում, թե´ արտասահմանում:
Փորձենք զուգահեռներ տանել Հայաստանի հետ: Տեսեք, այնպես չէ, որ Հայաստանը աշխարհաքաղաքական պայքարի մեջտեղում չէ, կամ էլ հետաքրքիր չէ որպես «պայքարի առարկա», պարզապես իրավիճակն է անհամեմատ տարբեր: Հայաստանը ունի Արցախի խնդիր և թե՛ ռազմա-քաղաքական, թե՛ տնտեսական առումով լուրջ կախման մեջ է Ռուսաստանից: Այնպես չէ, որ փորձեր չարվեցին Հայաստանի ուղղությամբ ինչ-որ բան փոխել: Մենք շատ լավ տեսանք, թե Արևմուտքն՝ ի դեմս ԵՄ-ի, ինչպես էր փորձում «բալանսավորել» այդ վիճակը, և փորձել Հայաստանի հետ խորացնել տնտեսական ինտեգրացիան, որը կլիներ առաջին փուլը Հայաստանին Ռուսաստանից պոկելու, բայց բնավ ոչ թե հանուն Հայաստանի և նրա ժողովրդի սիրուն աչքերի, այլ հենց այդ նույն աշխարհաքաղաքական շահերից ելնելով` դարձնելով Հայաստանին սեփական օգտագործման ստրուկը՝ մի շարք այլ պետությունների հետ մեկտեղ:
Բայց գիտեք՝ ինչ, երբ ասում եմ, որ ԵՄ-ն ուզում էր դարձնել մեզ իր ստրուկը, բնավ չի նշանակում, որ ես կարծում եմ` ինտեգրվելով Ռուսաստանի և այդ երկրի կողմից ձեռնարկվող ինտեգրացիոն ծրագրերում, մենք մնում ենք անկախ և «հավասարը-հավասարին» պետություն, ասենք, հենց նույն Ռուսաստանի հետ: Այնպես որ, խնդրում ես սխալ չհասկանալ: Բայց գիտեք՝ ինչ. այն, որ մենք պայքարում ենք սրա-նրա ստրուկ լինելու միջև.ծ, կամ էլ մեզ համար են պայքարում, դա արդեն ոչ թե օտարազգիների մեղքն է, այլ հենց մերը: Սա ապացույցն է այն բանի, որ մենք չենք կարողանում այնպիսի քաղաքականության տանել և վերջին 20 տարիների ընթացքում չենք կարողացել ստեղծել այնպիսի պետություն, որ ոչ թե ինչ-որ մեկի ստրուկը լինենք, այլ հարկ եղած դեպքում «ստրկացնենք» ուրիշներին՝ մեր հնարավորությունների սահմաններում: Ինչևէ քննարկման համար սա միանգամայն այլ հարց է:
Սա համարենք որպես առաջին պատճառ, թե ինչու իմ կարծիքով Հայաստանում չէր կարող լինել այդ «Մայդանը»: Հաջորդ պատճառը, թերևս, այն է, որ Հայաստանում մենք իշխանություն փոխելու թե՛ լեգիտիմ, թե՛ ոչ լեգիտիմ միջոցներով փորձեր արդեն արել ենք, որոնք բոլորը պսակվել են անհաջողությամբ: Նման փորձերից բերենք մեկական օրինակ: Առաջինը 1996թ.-ին էր, երբ Վազգեն Մանուկյանը ընտրությունների միջոցով հաղթեց Լևոն Տեր-Պետրոսյանին, և ըստ էության, ուներ լեգիտիմություն ստանձնել նախագաի պաշտոնը, սակայն ինչպես հիշում եք, նա դա անել չկարողացավ՝ անկախ բոլոր այն ցույցերից, որոնք հաջորդեցին այդ ընտրություններին:
Երկրորդ փորձը, որը ես այդքան էլ լեգիտիմ չեմ համարում, դա 2008թ.-ին անցկացված ընտրություններից հետո տեղի ունեցած զարգացումներն էին: Այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը չէր ընտրվել նախագահ, բայց պնդում էր, որ «ժողովուրդը ընտրել է իրեն»: Արդարության համար պետք է նշել, որ այդ ժամանակ ոչ մի թեկնածու էլ չէր հավաքել բացարձակ մեծամասնություն և ճիշտ կլիներ անցկացնել երկրորդ փուլ, բայց, ինչևէ, եղավ այն, ինչ եղավ: Մենք շատ լավ հիշում ենք, որ այն ժամանակ իշխանությունները ոչ թե Յանուկովիչի նման սպասեցին, որ լևոնականները ուժով վերցնեն իշխանությունը, այլև արեցին այն, ինչ արեցին, և արդյունքում այն ժամանակվա ընդդիմության ամբիցիաների և իշխանությունների հաստատակամության (բառի ոչ այնքան լավ իմաստով) և իշխանատենչության պատճառով մենք ունեցանք «Մարտի 1», բայց փոխարենը չունեցանք «Մայդան»:
Ես հասկանում եմ, որ «Մարտի 1»-ի թեման շատ զգայուն է մեր ժողովրդի համար, և որոշ մարդիկ կարող են սխալ հասկանալ այն դատողությունները, որ ես քիչ առաջ արեցի, բայց պետք է վստահեցնեմ, որ ես կիսում եմ նաև մի շարք մարդկանց այն համոզմունքը, որ այն ժամանակ իրոք զոհվեցին անմեղ մարդիկ, ովքեր անկեղծորեն ցանկանում էին ինչ-որ բան փոխել մեր երկրում դեպի լավը, բայց ցավոք, դա ոչ թե արդարության, այլև իշխանության կռիվ էր, որի արդյունքում ընդամենը տուժեցին հասարակ, ազնիվ քաղաքացիներ:
Ես, կարծում եմ՝ կարելի է անել հետևյալ եզրակացությունը. Հայաստանում չի լինի «Մայդան» այն իմաստով, որով որ շատերը հասկանում են կամ էլ ցանկանում են: Ինչպես որ քիչ առաջ նշեցի, դրա համար չկան թե՛ արտաքին, թե՛ ներքին համապատասխան նախադրյալներ: Առավելագույնը, որ մենք կկարողանանք ունենալ, դա հերթական «Մարտի 1»-ն է, որը, չեմ կարծում՝ բխում է ինչ-որ մեկի շահերից Հայաստանում: Այնպես որ, մյուս կողմից կարծում եմ՝ շատ ավելի լավ է, որ այդ գունավոր հեղափոխությունները մեզ մոտ չեն աշխատում և մեր երկրին էլ չի դառնում բախումների թատերաբեմ և արտաքին միջամտության համար թիրախ: Լավ է, որ երկիրը չեն քանդում` մի քանի տասնամյակ ետ տանելով մեր ժողովրդի՝ առանց այն էլ ցածր տեմպերով ընթացող զարգացումը: Ի վերջո, որ երկրին է այժմ «Մայդանը» տվել ինչ-որ «լավ բան, որ մենք էլ ակնկալում ենք: Ինչպես ասում են՝ չկա չարիք, առանց բարիքի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mindset.tutoring/posts/658135470920300?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել