Արևմտյան մի շարք երկրներ այսօր արդեն սկսում են քննադատել Ուկրաինայի նոր իշխանություններին: Ինչպես հիշում եք, օրերս Գերագույն ռադան չեղյալ հայտարարեց «Տարածաշրջանային լեզուների մասին» օրենքը, որն ընդունվել էր դեռ 2012թ-ին: Այս օրենքով նախատեսվում էր շրջանային լեզվի կարգավիճակ շնորհել այն լեզվին, որով որ խոսում է տվյալ մարզում կամ շրջանում բնակավող բնակչության առնվազն 10%-ը: Իսկ մենք գիտենք, որ առնվազն պաշտոնապես Ուկրաինայի բնակչության ¼-ը բաղկացած է օտարազգիներից, իսկ եղած ուկրաինացիների ոչ բոլորի առաջին լեզուն է ուկրաիներենը, իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ առկա են շրջաններ, որտեղ մեծամասնություն են կազմում ոչ ուկրաինացիներ, այլև միանգամայն ուրիշ լեզմաշակութային արժեքներ կրող խմբեր, ապա պարզ է դառնում, որ այսօր ձագած լարվածությունը մի շարք շրջաններում միանգամայն բնական է և արդարացված: Այսպիսով, առաջինը Ուկրաինայի հարևաններից այս թեմային են անդրադարձել Լեհաստանն ու Հունգարիան:
Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ իր կարծիքով, Գերագույն ռադան կոպտագույն սխալ է թույլ տվել` չեղյալ հայտարարելով այդ օրենքը: Վերջինիս խոսքերով, Ուկրաինան պետք է փոխարենը ուղերձ հղի ազգային փոքրամասնություններին, որ իրենք նոր Ուկրաինայի մաս են կազմելու, ինչպես նաև հավելել է, որ Ուկրաինան Եվրոպայի խորհրդի անդամ է և պետք է հարգի և ընդունի խորհրդում ընդունված նորմերը՝ կապված ազգային փոքրամասնությունների հետ: Մինչդեռ Հունգարիայի արձագանքը մի քիչ ավելի կոպիտ է հնչել և նույնիսկ նմանվել սպառնալիքի: Այդ երկրի արտաքին գործերի նախարարություն են կանչել Ուկրաինայի դեսպանին և հայտնել, որ իրենց կառավարությունը ոչ մի կերպ չի ընկալում և չի ընդունում տվյալ օրենքի կասեցումը Ուկրաինայի նոր իշխանությունների կողմից և ավելացրել են, որ նման քայլերը կարող են կասկածի տակ դնել Ուկրաինայի նոր իշխանությունների ժողովրդավարական սկզբունքներին հավատարիմ լինելը: Ի դեպ նշենք, որ ըստ Ֆրանսպրեսս գործակալության, Հունգարիայի արտաքին գործերի նախարար Յանոշ Մարտոնին մոտ ժամանակներս մտադրված է այցելել Ուկրաինայի Զակարպատյան շրջան, որտեղ հիմնականում բնակվում են հունգարներ:
Տեսեք, Լեհաստանի և Հունգարիայի անհանգստությունը հասկանալի է, որովհետև դա ուղղակիորեն հակասում է նաև հենց իրենց շահերին: Նշեմ, որ Ուկրաինայում ապրում է շուրջ 150.000 հունգարացի և մոտավորապես այդքան էլ լեհ, իսկ որոշ շրջաններում այդ բնակչությունը բնակվում է բավական կոմպակտ: Փաստորեն, մենք տեսնում ենք, որ այն երկրները, որոնք շահագրգռվածություն ունեին փոխել Յանուկովիչին և իշխանության բերել, այսպես ասած, եվրոպամետների, և հետևաբար ինչ-որ չափով էլ պատասխանատու են այսօր տիրող իրավիճակի համար, այժմ կամաց-կամաց սկսում են հասկանալ, որ իշխանությունը ոչ թե «քաղաքակիրթ եվրոպամետների», այլ ազգայնականների-ծայրահեղականների ձեռքում է: Ինչպես ասում են, փոս փորողը երբեմն ինքն է հայտնվում այդ փոսում. կարճ ասած, ուզում էին ռուսների ազդեցությունն ու ներկայությունը նվազեցնել և ճնշել, իսկ արդյունքում եղավ այնպես, որ ճնշվում են նաև մնացած բոլոր ազգությունները, քանի որ ֆաշիստների համար առանձնապես տարբերություն չկա՝ դու ռուս ես, հունգարացի, թե ամերիկացի: