ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում հստակեցրեց դիրքորոշումը Հայաստանի ինտեգրացիոն կուրսի վերաբերյալ: Նա ոչ վաղ անցյալում` 10 տարի կառավարել է երկիրը, և այս տեսանկյունից նրա մոտեցումները ինտեգրացիոն գործընթացների առնչությամբ ընդհանուր առմամբ հայտնի էին: Նրա օրոք ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ առավել խորացվել են ու դժվար էր ակնկալել, որ Ռ. Քոչարյանը ՌԴ-ի համար այսքան մեծ կարևորություն ներկայացնող նախաձեռնության վերաբերյալ կտրուկ մեկնաբանություններ կաներ:

Ուրիշ բան, որ հարցազրույցը կառուցված է այնպես, որ դրանում նեգատիվ շեշտադրումները տպավորություն են ստեղծում, թե երկրորդ նախագահը բացասական գծերով է ներկայացնում Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու պրոցեսը: Իրականում հարցազրույցում Քոչարյանը խոսում է հնարավոր վտանգների մասին, իսկ ՄՄ-ին միանալու որոշմանը միանշանակ կողմ է արտահայտվում: 

Նա բավականին մանրամասն անդրադարձել է խորհրդային միության փլուզումից հետո ստեղծված տնտեսական իրավիճակին, վերլուծել այն` փորձելով ի ցույց դնել այն խնդիրները, որոնք ռիսկային իրավիճակ են ստեղծում Մաքսային միությանն անդամակցելու ճանապարհին:

Առանցքային մտահոգություններից մեկը վերաբերում է ՄՄ անդամ չհանդիսացող երկրներից ներկրվող ապրանքների բարձր մաքսատուրքերի սահմանմանը, ինչն, իսկապես, մտահոգիչ հարց է. այս պահին դժվար է ասել, թե գործընթացներն ինչ ուղով կընթանան, ամեն դեպքում՝ այս հարցը, ինչպես կառավարությունն է պնդում, ուշադրության կենտրոնում է, և խնդրի առնչությամբ ռուսական կողմի հետ բանակցությունները շարունակվում են:

Չնայած այն հանգամանքին, որ հարցազրույցի հիմնական հատվածը վերաբերում է մտահոգություններին ու ռիսկային հարցերին, այդուհանդերձ ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանը առնվազն ըմբռնումով է մոտենում ՄՄ-ին Հայաստանի միանալու որոշոմանը, սակայն շեշտում, որ ցանկալի կլինի, որ «անդամակցությունը Մաքսային Միությանը ընթանա հանգիստ, լինի հնարավորինս չքաղաքականացված և առավելագույնս հաշվի առնվեն երկրի տնտեսության երկարաժամկետ շահերը: Ցանկացած սխալ հաշվարկ բացասական հետևանքներ կունենա Հայաստանի բոլոր բնակիչների համար»: Դժվար է չհամաձայնել երկրորդ նախագահի այս մտքին, ամեն դեպքում ավելորդ շտապողականությունը չի կարող գործընթացի վրա դրական ազդեցություն ունենալ:

Միաժամանակ նույն հարցազրույցից ակնհայտ է դառնում, որ Ռոբերտ Քոչարյանն առավել բացասական է տրամադրված ինտեգրացիոն եվրոպական ուղղության հարցում. «Չարժեր գնալ ԵՄ-ի հետ Ասոցիացման համաձայնագրի ստորագրմանը ՎՈՒԱՄ-ի երկրների ընկերակցությամբ, այն էլ ակտիվ քարոզչությամբ: Դա գործընթացին ավելորդ աշխարհաքաղաքական երանգ հաղորդեց: Ռուսաստանի արձագանքը միանգամայն կանխատեսելի էր»: 

Այս հարցազրույցը նախորդներից տարբերվում էր նրանով, որ երկրորդ նախագահը, հիմնականում կենտրոնացել էր բուն թեմայի վրա, դրանում անձնավորված մեկնաբանություններ առանձնապես չկային, իսկ հետգրությամբ` «Նրանց, ովքեր չեն կարող տեղի-անտեղի չարտահայտվել, առաջարկում եմ ուշադիր կարդալ, որպեսզի չստացվի այնպես, ինչպես միշտ», երկրորդ նախագահը փորձել է հասկացնել, թե այս թեմայով իր ասելիքն այսքանն է, հավելումներ անելու առանձնապես ցանկություն չունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել