Այսօր նախատեսվում է Ղրիմի Ինքնավար Հանրապետության խորհրդարանի արտահերթ նիստը, որի ժամանակ նախատեսվում է քննարկել իրավիճակը երկրում: Սակայն մինչ նիստի մեկնարկը, նախատեսվում է երկու տարբեր, պայմանականորեն ասած, ճամբարների հանրահավաք խորհրդարանի դիմաց: Այսպիսով, մի մասը պետք է կոչ անի Ղրիմի խորհրդարանին չճանաչել Կիևի նոր իշխանության լեգիտիմությունը և վերականգնել հանրապետության՝ 1992թ-ի սահմանադրությունը, ըստ որի, թերակղզու իշխանություններին ընձեռվում է շատ ավելի լայն ինքնավարություն, գրեթե լիակատար անկախություն Կիևից, մինչդեռ մյուս մասը, որը հիմնականում կազմված է թաթարներից, կոչ է անելու պարզապես ընդունել իշխանափոխությունը: Թեմայի շրջանակներում նշեմ, որ ընդամենը օրերս Սևոստոպոլի քաղաքային խորհրդում վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ ձևավորվել է գործադիր մարմին և ընտրվել քաղաքապետ, որը պետք է զբաղվի «քաղաքի կենսունակության ապահովմամբ»:
Թերակղզու մասին մեջբերեմ ընդամենը մի քանի ուշագրավ փաստ: Այսպիսով, ինքնավար հանրապետության բնակչության ավելի քան 60%-ը ռուսներ են, 24%-ը՝ ուկրաինացիներ, և ընդամենը 10-12%-ը թաթարներ, և դեռ ցարական, հետո սովետական ժամանակաշրջանից առայսօր Ղրիմի թերակղզում է գտնվում Ռուսաստանի սևծովյան նավատորմը:
Կարծում եմ՝ սա չափազանց լուրջ իրավիճակ է, և Ղրիմի իշխանությունների որոշումից շատ բան է կախված: Եթե Ղրիմը հանկարծ ըմբոստանա, թերևս դա ոչ միայն կարող է հանգեցնել երկրի մի քանի մասի պառակտման գործընթացի սկզբին, այլև վտանգել ներկայիս իշխանությունների՝ առանց այն էլ խարխուլ դիրքերը, և կրկին իշխանության ղեկին կանգնեցնել, այսպես ասած, ռուսամետներին, որոնք կրկին կշրջեն ամբողջ Ուկրաինայի աշխարհաքաղաքական կուրսը՝ հօգուտ Ռուսաստանի: Սակայն ավելի հավանական է, որ սա կարող է հանգեցնել շղթայական արձագանքի մի շարք այլ արևելյան շրջաններում ևս, որտեղ առկա է հիմնականում ռուսախոս բնակչությունը, և իրավիճակը հասցնել մինչև քաղաքացիական պատերազմի:
Իմիջիայլոց նշեմ, որ Ռուսաստանում Պետդումայի պատգամավորները նախատեսում են օրենք ընդունել, ըստ որի, առաջիկա վեց ամսվա համար կհեշտացվի ռուսական արմատներ ունեցող ուկրաինացիների համար քաղաքացիության շնորհման գործընթացը: Բնավ չեմ ուզում ժամանակից առաջ անցնել, բայց ինչպես հիշում եք, Ռուսաստանը նմանատիպ արդյունավետ քաղաքականության արդեն իսկ վարել է Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցում, և եթե հիշում եք, Ռուսաստանի ռազմական ներգրավվածության մի շարք փաստարկներից մեկը «սեփական քաղաքացիների անվտանգության ապահովումն էր»: Այնպես որ, եթե կրքերը առնվազն Ղրիմում թեժանան և լայնամասշտաբ բախումների վտանգ առաջանա, չի բացառվում, որ Ռուսաստանն ուղղակիորեն ներքաշվի այդ առայժմ աղոտ, բայց պոտենցիալ հակամարտության մեջ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mindset.tutoring/posts/657586057641908?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել