Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ հանրապետությունում միակ մարդը, ով չի ընդունել այն պարզ իրականությունը, որ Վարդանիկի լավ օրերը այլևս անցյալում են, հենց ինքը՝ Վրդանիկն է։ Բանն այն է, որ այս մարդը շարունակում է գործել իր մեթոդներով ու ոճով, բայց չի էլ նկատում, որ իր կողքը կանգնածների թիվը գնալով նոսրանում է։ Վարդանիկյան էպիկական սագայի վերջին զարգացումները, ինչպես հիշում եք, կապված էին նրա որդյակի՝ Սպարտակ Ղուկասյանի նոր հերոսության հետ. օրը ցերեկով մարդու տղեն մարդ էր դանակահարել։
Քանի որ դեպքը ինքնին նորույթ չէր, իսկ Վարդանիկն էլ երբեք չի փայլել գունավոր երևակայությամբ, Գյումրվա ցարիբոգը որոշել է իրեն համար սովորական մեթոդներով այս հարցը կարգավորել, իսկ այդ սովորական մեթոդը կայանում է նրանում, որ իր որդյակի տեղը պետք է դատվեր իր չորս թիկնապահներից մեկը՝ ոմն Մնացը։ Ասում են, թե այս հարցը պետք է կարգավորվեր Գյումրու նախկին ոստիկանապետ Շաշիկյանը, որին սակայն տեղափոխել են այլ տեղ՝ ծառայությունը շարունակելու։ Համաձայն ասեկոսեների, տեղափոխությունը պայմանավորված է եղել հենց այն հանգամանքով, որ Շաշիկյանն ու Ղուկասյանը մտերմիկ հարաբերությունների մեջ են ու մի անգամ չէ, որ ոստիկանապետը այս կերպով գործեր է կոծկել Վարդանիկի համար, ինչից դժգոհ նրա աշխատակիցները պարզապես որոշել են զեկուցել Շաշիկյանի վերադասներին։
Օրըստօրե Վարդանիկի շուրջ օղակը նեղանում է, բայց ինչպես նշեցի, նա ասես դա չի հասկանում։ Իրավիճակն ինձ հիշեցնում է Անդերսենի մերկ արքայի մասին հեքիաթը, այն տարբերությամբ միայն, որ հեքիաթում միայն մի երեխա նկատեց, որ արքան մերկ է, իսկ մեր հեքիաթում միակ մարդը, որ չի նկատել մերկությունը, ինքը՝ արքայիկ Վարդանիկն է։



