Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանության վերնախավում միշտ էլ եղել են տարաձայնություններ. ոմանք ուզեցել են պահպանել ունեցածը, մյուսներն՝ ավելացնել։
Ներիշխանական հակասությունները հատկապես դրսևորվում են համապետական ընտրություններին նախորդող ու հաջորդող փուլերում, այն ժամանակ, երբ նախագահն ավարտում է իր կառավարման սահմանադրական ժամկետն, ու երկիրը կանգնում է նոր իշխանության ձևավորման հրամայականի առաջ։
Գաղտինք չէ, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը միշտ ձգտել է վարչապետության՝ դեռ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին։ Գաղտնիք չէ նաև, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտից հետո՝ Արգամիչը կարող է ունենալ նաև համակարգում առաջինը լինելու հավակնություններ։
Այս համատեքստում՝ երբեմն բախվել են Տիգրան Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի, նրանց թիմերի շահերը։ Որոշ դեպքերում դա հրապարակավ է դրսևորվել։
Ի վերջո, սա էլ է բնական։ Հատկապես որ՝ հակադրութան մեջ նաև անձնական գործոն կա. մի առվով չեն գնում վարչապետի ու Գագիկ Ծառուկյանի ջրերը, իսկ Աբրահամյանը վերջինիս խնամին է, որոշ դեպքերում նաև՝ իշխանություն–ԲՀԿ հարաբերությունների միջնորդը։
Այս ամենով հանդերձ՝ այսօր հետաքրքիր իրադարձություն է տեղի ունեցել խորհրդարանում։ Երբ քննարկվում էր «Նաիրիտի» հարցով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը, արտահերթ ելույթով հանդես է եկել խորհրդարանի նախագահը ու պաշտպանել է վարչապետին։
Դիմելով ընդդիմադիր պատգամավորներին՝ Աբրահամյանն ասել է. «Հարիր չէ այս ամբիոնից ամեն րոպե երկրի վարչապետի անունը հնչեցնել, մեղադրել այս կամ այն գործերի մեջ, եթե կա նման խնդիրներ՝ փորձել ենք ուսումնասիրել, վերհանել, եթե կան խնդիրներ, պատասխանատվության ենթարկեք, ամեն անգամ ոչ մեկդ ջանք չեք խնայում, որ երկրի վարչապետին փնովեք, վարչապետի եղբայրը, վարչապետը»։
Ըստ ամենայնի՝ հանրապետության նախագահը համարել է, որ վաղաժամ են 2017-2018թթ–ի ընտրական ցիկլի շուրջ ծավալվող ինտրիգներն ու ներիշխանական հրադադարի պահանջ է դրել։ Հատկապես Մայդանի իրադարձություններից հետո՝ ներիշխանական ինտրիգները մեծ շռայլություն կլինեին լեգիտիմության խրոնիկ դեֆիցիտ ունեցող իշխանության համար։
Ներիշխանական հրադադարն, առաջին հերթին, ենթադրում է status quo–ի պահպանում, ինչն էլ, իր հերթին, ենթադրում է, որ մոտ ապագայում կառավարության փոփոխություն չի լինի։
Սա նաև հուշում է, որ իշխանությունը կոնսոլիդացվում է՝ կանխատեսելով քաղաքական կամ սոցիալական հնարավոր հուզումներ։



