ՌԴ ԱԳՆ-ը հերթական պաշտոնական հայտարարությունն է արել՝ Ուկրաինայում ծավալվող զարգացումների վերաբերյալ: Պետք է նկատել, որ թեև հայտարարությունը այդքան չոր չէ, որքան կարելի էր ակնկալել, սակայն այն այդքան էլ անատամ չէ, որքան կարող էին ակնկալել հոռետեսները:
Փաստացի, հայտարարությունից բխում է, որ Ռուսաստանը հեղաշրջումից հետո չի ճանաչում Գերագույն ռադայի որոշումների լեգիտիմությունը, կատեգորիկ դեմ է աջ-ծայրահեղական դրսևորումներին, պնդում է, որ նմանները պետք է զինաթափվեն ու կարգի հրավիրվեն, որովհետև նրանք արդեն սպառնում են Ուկրաինայի ռուսական ու ռուսալեզու բնակչությանը, ռուսական մշակույթին ու կրոնին: Այսքանով էլ չի բավարարվել ՌԴ-ն ու բաց տեքստով մեղադրել է Արևմտյան տերություններին՝ պայմանավորվածությունների խախտումներն անտեսելու և ուղղակիորեն իրավիճակի թեժացմանը նպաստելու համար:
Այս ամենի ֆոնին հատկապես ուշագրավ էր Թուրքիայի արձագանքը, որը կարծես թե ինքնուրույն խաղ է ուզում սկսել աշխարհաքաղաքական այս նոր զարգացումների փուլում, որովհետև որքան էլ զարմանալի է, բայց Թուրքիան ոչ միայն չաջակցեց ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին, այլև բացահայտ ռևերանս արեց Ռուսաստանին՝ հայտարարելով, որ Եվրոպայում արդեն ցնդել են ամեն ինչի մեջ Ռուսաստանի կոմունիստական անցյալի հետքեր փնտրելով, մինչդեռ Ռուսաստանը վստահելի գործընկեր է: Ավելին, թուրքերը ուղղակիորեն մեղադրել են Եվրոպային՝ Ուկրաինայի ճգնաժամի սկզբնապատճառ լինելու մեջ:
Իրադարձություններն այնքան արագ են զարգանում, որ մարդ չի էլ հասցնում ընկալել դրանց տրամաբանությունն ու ուղղությունը, կարծում եմ, որ առաջիկա մի քանի օրերին նորանոր սրացումներ են սպասվում:



