Երեկ Սոչիում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և իր ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը: Կողմերը մասնավորապես քննարկել են Մաքսային միությանը և միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու «Ճանապարհային քարտեզ»-ով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը: Սակայն մեկ այլ կարևորագույն քննարկման հարց էլ եղել է «Ռոսնեֆտ» ընկերության ներդրումային ծրագրերը: Ըստ վարչապետ Սարգսյանի՝ իրենք լսել են «Ռոսնեֆտ» ընկերության նախագահ Իգոր Սեչինի հաշվետվությունը՝ կատարված աշխատանքների և իրենց ծրագրերի մասին և, ըստ այդմ, նախատեսվում է Հայաստանում ներդնել շուրջ 500 մլն. դոլար: Վարչապետի խոսքով, ծրագիրն առնչվում է «Նաիրիտ» գործարանին, քանի որ նախատեսվում է կառուցել նոր գործարան, որտեղ հիմնական աշխատողները լինելու են հենց «Նաիրիտի» աշխատողները»: Այսպիսով սրանից կարելի է անել մի քանի եզրակացություն:
Առաջինը` «Նաիրիտը», որպես այդպիսին, անցնում է պատմության գիրկը՝ իր բոլոր մութ և սկանդալային պատմություններով, որովհետև եթե, ըստ վարչապետի, այդ գործարանում աշխատելու են «Նաիրիտի» աշխատողները, նշանակում է, որ «Նաիրիտին» այլևս աշխատող պետք չի գա: Տեսեք՝ գուցե մեր քիմիական արդյունաբերության հսկան, որը վերջին ժամանակներս այդքան էլ հսկայի տպավորություն չի գործում, այլևս անմրցունակ է, և այն վերականգնելը ու վերագործարկելը ձեռնտու չէ, և փոխարենը ավելի լավ է կառուցել մի նոր գործարան: Չգիտեմ և կարծում եմ, որ այստեղ անհրաժեշտ է լուրջ փորձագիտական մոտեցում, իսկ ինքս, չլինելով ոլորտի մասնագետ, կնախընտրեմ խուսափել ինչ-որ ենթադրություններ կամ էլ անպատասխանատու հայտարարություններ անելուց: Բայց միևնույն ժամանակ առաջարկում եմ այս ամենին նայել մի փոքր այլ տեսանկյունից և արդարության համար նշել, որ $500մլն-ը չափազանց մեծ գումար է, առավելևս Հայաստանի նման երկրի համար և նման ծավալի ներդրում մեր երկրում այժմ չեմ էլ կարողանում հիշել, թե վերջին անգամ երբ է եղել, կամ էլ եղել է, թե ոչ: Այնպես որ, այդ առումով սա մեծ բան է:
Երկրորդ` Ռուսաստանը կարծես կամաց-կամաց սկսում է Հայաստանին տալ Մաքսային միությանն անդամակցելու դիմաց այն «պրյանիկը», որին չէին հավատում մեր քաղաքական-հասարակական շրջանակների՝ մասնավորապես ընդդիմադիր հայացքներ ունեցողների մեծ մասը: Հիշում եմ, որ շատ էր խոսվում այն մասին, որ այդ քաղաքական որոշման համար Հայաստանը ոչինչ չի շահի, քանի որ ըստ վերջիններիս, Հայաստանը դա արել է պարտադրված և վասալի կարգավիճակով: Այլ կերպ ասած, ոչ ոք չէր հավատում, որ դրան կարող են հաջորդել որոշակի ներդրումներ` տնտեսության խթանման ուղղությամբ:
Կասեմ հետևյալը`չգիտեմ, թե այս ներդրումը կոնկրետ երբ կլինի և կհաջորդեն արդյոք սրան այլ ներդրումներ, թե ոչ, բայց փաստ է, որ կոնկրետ արդյունքներ մենք տեսանք և շարունակում ենք տեսնել:
Հ.Գ. Երբ ասում եմ՝ տեսանք, նկատի ունեմ, օրինակ, գազի գնի իջեցումը, այլ բան է, թե այդ գազն ինչ գնով է հասնում սպառողին, քանի որ դա արդեն ոչ թե Ռուսաստանի, այլ մեր խնդիրն է: