Երեկ Ադրբեջանի իշխող կուսակցության կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ, որը նվիրված էր Խոջալուի զոհերի 20-րդ տարելիցին, այդ երկրի Միլի մեջլիսի փոխխոսնակ Զիյաֆետ Ասքերովն անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու հետ: Վերջինս ասել է, որ այդ խումբը «մեռած խումբ է», և որ հակամարտության լուծման տևողությունը կախված է Ադրբեջանի հզորացման տեմպերի հետ:
Խնդրեմ, այս մարդիկ կրկին իրենց էշն են քշում թե՛ ԵԱՀԿ-ին քննադատելու, թե՛ ուժային տարբերակով հակամարտությունը լուծելու տեսանկյունից:
Սկսենք ԵԱՀԿ-ից: Մեր հարևանները բողոքում են, որ ԵԱՀԿ-ն չի կարողացել վերջին 20 տարիների ընթացում լուծել այս խնդիրը, իսկ հարցնող լինի այս մարդկանց՝ ո՞ր առաջարկն են իրենք երբևէ ընդունել: Նրանց պատկերացմամբ, ԵԱՀԿ-ն պետք է համոզի Հայաստանին կամ էլ Արցախին, որ «վերադարձնեն իրենց տարածքները» և այսպիսով լուծեն հակամարտությունը: Բայց, ախր բանակցությունները նման կերպ չեն տարվում: Դա պրիմիտիվ մտածելակերպ է: Սա մեկ, հետո մեր հարևանները պետք է շատ քաջ գիտակցեն, որ ԵԱՀԿ-ն լինի մեռած, հիվանդ, անդամալույծ, թե հաշմանդամ, այն կառույցն է, որն ունի մանդատ կարգավորելու տվյալ հակամարտությունը, և այս հարցում այն վայելում է միջազգային հանրության լիակատար և անվերապահ աջակցությունը, և Ադրբեջանն ինչքան էլ նվնվա, բանակցությունների ձևաչափը չի փոխվի հենց միայն այն պատճառով, որ դրա համար անհրաժեշտ կլինի բոլոր կողմերի համաձայնությունը:
Այժմ անդրադառնանք Ադրբեջանի պոտենցիալ հզորացման թեզին: Այս մարդկանց դեռ թվում է, որ հակամարտությունը հնարավոր է լուծել ուժային տարբերակով կամ էլ ստեղծելով այնպիսի ուժային դիսբալանս, որի արդյունքում Հայաստանն ու Արցախը պարզապես այլ ելք չեն ունենան, քան հանձնվելն է: Գիտեք՝ ինչ, տեսականորեն դա հնարավոր է, բայց գործնականում դա աբսուրդ է: Ախր ասելով չի, էլի: Մեր հարևաններին ինչ է, թվում է, որ միակ զարգացողն իրե՞նք են, իսկ մենք` հայերս, էշի ականջում քնա՞ծ ենք: Մենք գուցե չունենք նավթ կամ էլ այլ համապատասխան բնական պաշարներ, բայց փաստը մնում է փաստ, որ ներկայիս հրահրված սպառազինությունների մրցավազքում Հայաստանը ոչ միայն չի զիջում, այլև որոշ հարցերում նույնիսկ գերազանցում է Ադրբեջանին: Այնպես որ, խորհուրդ կտայի մեր հարևան երկրի ազգայնամոլ, կեղծ հայրենասեր քաղաքական գործիչներին սթափ գնահատել իրավիճակը տարածաշրջանում և չմոլորեցնել սեփական հասարակությանը (մի տեսակ ժողովուրդ կոչելը չի ստացվում):



