Ուկրաինայում ընթացող զարգացումներին, որպես այդպիսին, մենք առայժմ չենք լսել Ռուսաստանի հստակ արձագանքը՝ ի տարբերության արևմտյան մի շարք գործիչների և ղեկավարների արձագանքի, որոնք, ըստ էության, համարում են Յանուկովիչին արդեն նախկին նախագահ և դե ֆակտո ընդունում են ընդդիմությանը որպես Ուկրաինայի լեգիտիմ իշխանություն: Ռուսաստանից մենք դեռ լսում ենք միայն որոշ քննադատական տոն իր մեջ պարունակող հայտարարություններ՝ կապված այն բանի հետ, թե իբր ընդդիմությունը դրժել է քառակողմ ձեռք բերված պայմանավորվածությունը, որը տեղի ունեցավ անցած շաբաթվա վերջին՝ Կիևում ԵՄ-Ռուսաստան-Յանուկովիչ-ընդդիմություն ձևաչափով:
Ընդամենը երեկ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շատ ուշագրավ, բայց միևնույն ժամանակ շատ զգուշավոր հայտարարություն արեց՝ ասելով մասնավորապես հետևյալը. «Ուկրաինան շարունակում է Ռուսաստանի համար մնալ որպես կարևոր գործընկեր: Մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած թեմա, բայց գլխավորը պետք է հասկանալ՝ ում հետ և ինչ: Եթե կառավարությունը համարենք դիմակավոր մարդկանց, ապա, ամենայն հավանականությամբ, մեզ համար դժվար է լինելու աշխատել այդպիսի կառավարության հետ: Այսօր մեզ համար անհասկանալի է, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայում, և այդ պատճառով մենք ետ ենք կանչել մեր դեսպանին խորհրդակցությունների»:
Այսպիսով, Մեդվեդևը սրանով հասկացնել է տալիս, որ նրանք այնքան էլ գոհ չեն Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներից, սակայն չի էլ այրում բոլոր կամուրջները՝ ասելով, որ «դեռ լավ չեն հասկանում, թե ինչ է այնտեղ տեղի ունենում»: Սրան զուգահեռ, սակայն, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս օրերին հեռախոսազրույցներ է ունենում թե՛ արևմտյան երկրների, թե՛ Մաքսային միության իր ծանրակշիռ գործընկերների հետ, և քննարկում ստեղծված իրավիճակը: Այս խոսակցությունների շուրջ դեռ ոչ մի մանրամասն տեղեկատվություն չի հաղորդվում:
Այժմ հարց է առաջանում՝ ինչո՞վ է զբաղված Ռուսաստանը: Այն, ի՞նչ է, հենց այսպես կորցրեց Ուկրաինան և այժմ միջազգային հարթակում փորձո՞ւմ է փրկել դեմքը և հեղինակությունը և դրան էլ զուգահեռ փորձում է վերադասավորե՞լ իր ծրագրերը՝ կապված իր իսկ նախաձեռնած ինտեգրացիոն գործընթացների հետ, թե, այնուամենայնիվ, նախատեսում է գնալ մինչև վերջ և առնվազն իր ազդեցության տակ պահել արևելյան և հարավային շրջանները, որոնց շուրջ թե՛ ուղղակի, թե՛ աննուղակի, խոսում են ռուսաստանյան քաղաքական-փորձագիտական շրջանակներում:
Կարող եմ ասել հետևյալը` ինձ էլ է չափազանց հետաքրքիր, թե ինչով է այժմ զբաղված Ռուսաստանը: