Newsbook.am-ը գրում է.

Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որում, հաղորդավարական «ուշագրավ մեկնաբանություններով», ներկայացվում են մարտիմեկյան իրադարձությունները և Ալեքսանդր Արզումանյան-Նիկոլ Փաշինյան հեռախոսազրույցը: Այս տեսանյութը շատերին է հայտնի, ծանոթ են նաև հեռախոսային խոսակցությունները, որոնք հնչել են նաև դատական նիստերի ժամանակ: Այսինքն, նշյալ տեսանյութը, որը հեռարձակվել է հեռուստատեսությամբ, որևէ սենսացիա ու նոր բացահայտում չի պարունակում, որևէ նոր հայտնագործություն չի անում:

Սա իշխանությունների կողմից պատվիրված տեսանյութ էր, որի նպատակն էր «լույս սփռել» կատարվածի վրա, շեշտել ու ընդգծել «պայմանավորվածություններն» ու «ինֆորմացիաները», որոնք բացահայտում են ընդդիմադիրների կեցվածքն ու նկարագիրը: Այսինքն, պատմության այս էջը կիսով չափ լուսաբանված է ու կիսով չափ փակված, սակայն ինչու՞ են այսօր այն դրել շրջանառության մեջ, ինչու՞ են նորից հիշել տեսանյութը, որում եթե ինչ-որ ճշմարտություն էլ կա, ապա այդ ամենը վաղուց ներկայացվել է դատարանում:

Սա, ըստ էության, քարոզչական մի նյութ է, որի նպատակն է առաջիկա մարտիմեկյան հանրահավաքից առաջ երկրում ձևավորել անվստահություն ընդդիմադիրների նկատմամբ և նպաստել այն բանին, որ ժողովուրդն այլևս չհավաքվի, վստահություն չտածի ընդդիմադիրների հանդեպ:

Սակայն, պետք է նշել, որ սա չափազանց պարզունակ քայլ է ու պարզունակ քարոզչություն, քանզի փոխվել են մոտեցումներն ու խնդիրները, փոխվել է ժամանակը, փոխվել են նաև առաջնորդները: Այսօր ժողովուրդն ուզում է ոտքի կանգնել ոչ թե վիճարկելու ընտրությունների արդյունքները, ոչ թե ճանապարհ բացելու սրա կամ նրա համար, այլ ընդվզելու իշխանության դեմ, որն օրավուր մարդկանց տանում է դեպի անելանելիություն ու հիասթափություն, որն ամեն մի բացվող օրվա հետ մի նոր ու տհաճ անակնկալ է մատուցում: Իշխանությունները, սակայն, գործում են հին մեթոդաբանությամբ, ուստի չեն հասկանում ու չեն կարող հասկանալ, թե ինչու է ընդվզում հայաստանցին, թե ինչու է կամենում մարտի մեկին հանդես գալ պահանջատիրոջ դիրքերից:

Իշխանություններին սարսափ է պատել, ինչն անհնար է թաքցնել: Կիևյան իրադարձություններն այսպես թե այնպես Հայայստանում իրենց անդրադարձն ունենալու են, գուցե փոխված հրամայականներով և մեկնաբանություններով, սակայն դրանք չեն կարող ազդեցություն չունենալ, քանզի Հայկաստանում տեսան, որ ոչ շատ հեռավոր երկրում հնարավոր եղավ հասնել իշխանափոխության: Ուրիշ բան, որ Մայդան գնացածների առաջին ցանկությունն իշխանափոխությունը չէր, ուրիշ բան, որ հանրահավաքների վերջնարդյունքում նոր իրավիճակներ գրանցվեցին՝ գուցեև անցանկալի, սակայն կարևորն այն էր, որ տեղի ունեցավ իշխանափոխություն: Այսինքն, կա օրինակելի և վստահելի նախադեպ:

Մ. Լևոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել