Ուկրաինական վերջին զարգացումներում նկատեցինք, թե ինչ կարևոր դերակատարություն ունեն տեղական ինքնակառավարման մարմինները։ Հաճախ նրանց որոշումները հանրապետական արձագանքի էին արժանանում՝ ազդելով անգամ Մայդանի տրամադրությունների վրա։
ՏԻՄ-երը մեզանում կատարյալ ճգնաժամի մեջ են։
Նախ, համայնքային մարմինները ձևավորվում են, որպես կանոն, մրցակցային միջավայրի բացակայությամբ։ 40 համայնքներում մարտի 7-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Այդ 40 համայնքներից 12 համայնքներում մրցակցություն չի լինի այն պարզ պատճառով, որ համայնքի ղեկավարի հետ մրցակցող թեկնածուները ինքնաբացարկ են ներկայացրել:
Եթե անգամ մրցակցային էլեմենտներ կան, ապա դրանց կողմերը քաղաքական կուսակցությունները չեն, մրցակցության առարկան էլ՝ համայնքային զարգացման խնդիրները չեն։
Նկատվում է ՏԻՄ-երի տոտալ հանրապետականացում՝ ստեղծելով ասոցիացիա ոչ վաղ սովետական անցյալի հետ։
Համայնքապետերը վերածվել են գյուղի կալվածատիրոջ՝ չվերահսկվելով ավագանիների կողմից։ Ավագանին, որպես այդպիսին, կայացած չէ ու ընդամենը դակում է այն որոշումները, որ կայացվել են համայնքապետի կամ մարզպետի կողմից։
Համայնքապետն, իր հերթին, լրիվ կախյալ վիճակում է ավելի մեծ «կալվածատիրոջ»՝ մարզպետի կողմից։
Գործազրկությունն ու արտագաղթն փոշիացրել են շատ համայնքների կադրային պոտենցիալը։ Նաև այս հանգամանքով է պայմանավորված, որ որոշ գյուղերում գյուղապետը պաշտոնավարում է ցմահ, իսկ ավագանի ձևավորելը վերածվում է փորձության։



