Tert.am-ը գրում է.
Գազային հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանի հիմնավորումը, թե ինչու են նախատեսում հանձնաժողովի նիստերը դռնփակ ձևաչափով գումարել, չգոհացրեց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին, ով հայտարարեց, թե մեծամասնությունը վստահությունը վերականգնելու համար ընդամենը մեկ շանս ունի, և դա այն է, որ հարցերին պատասխանեն օնլայն ռեժիմով, հրապարակայնորեն, այլապես ստացում է, որ վախենում են, ինչին Դավիթ Հարությանը պատասխանեց, որ որևէ մեկը չի ցանկանում ծածկադմփոց անել։
Նշենք, որ Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, որ հարցը քաղաքական առումով զգայուն է, և եթե հանձնաժողովի նպատակը զուտ քաղաքական դեբատները չեն, այլ սպառողի շահերի լավագույն պաշտպանությունը, ուրեմն պետք է նիստերը դռնփակ անցկացնել: «Եթե լայն լսարան է լինում, ապա պատգամավորները միմյանց քաղաքական դիրքորոշումներ են ներկայացնում: Բայց դրանք չեն օգնի գործին, ահա, թե ինչու է առաջարկվում դռնփակ նիստեր անցկացնել»,- քննարկմանն ասաց պատգամավորը:
Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե ընդդիմությունը բացարձակ չի վստահում իշխանությանը և առանց հանրության իմաստ չի տեսնում գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը. «Շատ խոսվեց ընդդիմության և իշխանության միջև վստահության և համագործակցության մասին, բայց խնդիրն այն է, որ մենք Ձեզ բացարձակ չենք վստահում, վստահ ենք, որ ապօրինություն է կատարվել, և հանձնաժողովը նրա համար է ստեղծվում, որ ցույց տանք, որ չենք վստահում ձեզ և հանրությունը դա տեսնի»,- ասաց նա, ապա նշեց, թե ինչու չեն վստահում գազի հարցում. «Չենք վստահում, որովհետև ի պատասխան մեր առաջարկի ձեր ալտերնատիվ առաջարկը բերեցիք, 4 օր եք տվել, որ քննարկենք, հիմա դիրքորոշումներով գալիս ենք, դուք տալիս եք առաջարկներ, որոնք փոխում են փաստաթղթի էությունը»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



