Lurer.com-ը գրում է.

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը կոնսուլտացիաների համար հետ է կանչել Ուկրաինայում իր դեսպան Միխայիլ Զուրաբովին: Այդ մասին ասված է գերատեսչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է փետրվարի 23-ի երեկոյան:

Ինչպես նշվում է ԶԼՄ-ների համար նախատեսված կարճ հաղորդագրության մեջ, որոշումն ընդունվել է Ուկրաինայում իրավիճակի սրվելու և ստեղծված իրադրությունը համակողմանիորեն վերլուծելու անհրաժեշտության կապակցությամբ:

Հիշեցնենք, որ Զուրաբովը, որը Ուկրաինայում ՌԴ-ի դեսպանի պաշտոնում աշխատում է 2009 թվականի օգոստոսից, ներկա է եղել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի վարչակազմում ընդդիմության ներկայացուցիչների հետ կայացած բանակցություններին: Հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 21-ին, դրա ընթացքում որոշվել է անցկացնել վաղաժամկետ նախագահական ընտրություններ եւ վերադառնալ 2004 թվականի սահմանադրությանը, որը սահմանափակում էր երկրի նախագահի իշխանությունը:

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ գլխավորն Ուկրաինայում քաղաքական կարգավորման մասին փետրվարի 21-ի համաձայնագրի ամբողջական կատարումն է: Իր հերթին, Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Փայեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այդ հանրապետությունում տեղի ունեցած վերջին իրադարձությունները պետական հեղաշրջում չի համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել