Tert.am-ը գրում է.
Կենտրոնական բանկի հաշվարկներով ՀՀ-ում 2014թ-ի գնաճը կկազմի 4%, որը ԿԲ-ի նպատակային ցուցանիշն է: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին տեղեկացրեց Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վահագն Գրիգորյանը: Նա հիշեցրեց, որ 2013-ը ամփոփվել է 5.6 % գնաճով, իսկ հունվարին՝ 12 ամսյա հաշվարկով, այն կազմել է 5.5%՝ մտնելով ԿԲ-ի սահմանած թույլատրելի տատանումների միջակայք:
«Կանխատեսում ենք, որ 12-ամսյա գնաճը շարունակելու է նվազել: Այնուհետև երրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը նվազելու է հասնելով մինչև տատանումների թույլատրելի մակարդակի նվազագույն սահմանին, որը պայմանավորված կլինի նախորդ տարվա երրորդ եռամսյակի սակագների բարձրացման ազդեցության վերացման հետ: Այնուհետև 12 ամսվա գնաճը տարեվերջին մոտենալու է մեր նպատակային ցուցանիշին՝ 4%-ին»,- ասաց նա:
Նա ընդգծեց, որ միջնաժամկետ հատվածում ևս թույլատրելի միջակայքի մեջ է գնաճը տատանվելու: «Դրամավարկային քաղաքականության ծրագրի հիմքում նախատեսված են արտաքին տնտեսության հետ կապված հարցերը: Արտաքին տնտեսությունը դանդաղորեն վերականգնվում է. և՛ ԱՄՆ-ում, և՛ Եվրոպական միությունում, և՛ Ռուսաստանում տնտեսական աճի արագացում է նկատվում: Պարենային և հումքային ապրանքների շուկայում գնաճային զարգացումների չենք սպասում: Ինչ վերաբերում է ներքին տնտեսությանը, մեր կանխատեսումների համաձայն, մասնավոր ներդրումներն ու սպառումը արագանալու են, իսկ արտահանումն ու ներմուծումը պահպանելու են իրենց աճի տեմպերը»,- ասաց նա և ընդգծեց, որ մասնավոր հատվածից գնաճային ճնշումներ չեն ակնկալում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



