Ժամանակին նման վերտառության գործում էր բավականին հայտնի մի խանութ՝ Առաջին մասի «Ունիվերսամը»: Բավականին լավ խանութ էր, երկհարկանի, առաջին հարկում տնտեսական ապրանքների բաժինն էր, իսկ երկրորդում՝ մթերային: Ճիշտ է, մթերային բաժինը ավելի շուտ փակվեց, քան տնտեսականը, բայց դա չխանգարեց ամբողջ այդ տարածքում հայտնի խանութի՝ տնտեսական բաժնի բավականին աշխույժ առևտրի իրականացմանը:

Բայց...Օրերից մի օր տնտեսական բաժինն էլ փակվեց: Լուրեր տարածվեցին, թե մի օլիգարխ գնել է ամբողջ «Ունիվերսամը», որի փոխարեն պատրաստվում է հիմնել իր սուպերմարկետների ցանցի հերթական խանութը: Ճիշտ է, բավականին դժգոհություններ եղան, բայց դե ո՞վ է լսում հասարակ քաղաքացու ձայնը:

Տարիներ անցան, երևի արդեն 5-6 տարի, բայց այդ հսկայական շինությունը, որը ժամանակին ինչպես ամբողջ Շենգավիթ համայնքի, այնպես էլ Երևան քաղաքի, և հատկապես նրա հյուրերի (քանի որ «Ունիվերսամը» գտնվում է Երևան քաղաքի մուտքերից մեկի ճանապարհին) համար բավականին հարմար վայր էր՝ գնումներ կատարելու, այսօր բառիս բուն իմաստով, կիսախարխուլ ավերակ է:

Հսկայական տարածք զբաղեցնող այդ շինությունը վերածվել է՝

  1. Հսկայական աղբանոցի, որտեղ այս տարիների ընթացքում հավաքվել է այն քանակի աղբ, որը միայն Սովետաշենի աղբանոցում է հավաքվում: Հիմա պատկերացրեք, իսկ ես նկարագրեմ, թե ինչ անտանելի գարշահոտ է տարածվում այդ ամբողջ տարածքում, որը խիտ բնակեցված է, երթևեկությունը բավականին ակտիվ է. մի խոսքով, մարդիկ ստիպված են ապրել բացօթյա աղբանոցի հարևանությամբ՝ «վայելելով այդ բուրմունքը»: Բայց չէ որ աղբը միայն իր հոտով չէ, որ բոլորին անհանգստություն է պատճառում: Քանի դեռ ձմեռ էր, փոքր-ինչ հնարավոր էր դիմանալ այդ ամենին, իսկ հիմա, երբ օրերն արդեն դեպի տաքն են գնում, պատկերացրեք, թե ինչպիսի վարակների և հիվանդությունների աղբյուր կարող է դառնալ այդ «Ունիվերսամը»:
  2. Իհարկե, որտեղ մի անտեր շինություն, այնտեղ համաքաղաքային զուգարան: Բնական կարիքները հոգացողների ջանքերով, բնականաբար, բազմապատկվել է գարշահոտությունը և, էլ չասեմ ինչը, ինքներդ պատկերացրեք...
  3. Էլ ինչ անտերության մատնված շինություն, որտեղ իրենց «բնակությունը» չեն հաստատի անտուն մարդիկ, հայերեն ասած, «բոմժերը»՝ իրենց ուղեկցող գազազած, կեղտոտ փողոցային շների ոհմակով:
  4. Իսկ շենքը...տարիների ընթացքում այն հասցրեցին շատ գեղեցիկ ձևով «կրծել»: Հիմա ամենուր այնպիսի բաց տեղեր են, որ վախենում ես երեխայի հետ անցնել այդ տեղով, կամ երեխաներին թույլատրել խաղալ այդ տարածքում, որովհետև, Աստված մի արասցե, եթե երեխան փորձի մոտենալ դրան, մեծ հավանականությամբ կարող է ընկնել ներս, իսկ հետևանքները կլինեն ամենածայրահեղը:
  5. Խոսում ենք վախից...Երեկոյան ժամը 8-ին աշխատանքից տուն եմ վերադառնում և այդ դատարկ, կիսախարխուլ և հսկայական շինությունից լսում եմ հարբած տղամարդկանց կռվի աղաղակներ: Դե պատկերացրեք վախիս աստիճանը: Ու դա ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքն էր:

Եվ բնական է, ի՞նչ կա զարմանալու, այդպես էլ պետք է լինի մի վայրում, որը անտերության է մատնված և քաղաքային իշխանությունների՝ մասնավորապես քաղաքապետարանի, և համայնքային իշխանությունների՝ թաղապետարանի, և այն հավանական գնորդի կողմից, ում թեթև ձեռքով այժմ ունենք այն պատկերը, որը նկարագրեցի վերևում:

Հարգելի քաղաքապետարան (թեև ինչ հարգելի), այս քաղաքում էլ տեղ չի մնացել, ամեն ինչ վաճառել ես. մի՞թե մոռացել ես այս հսկայական շինության տեղը, արի, տես և վաճառի մի օլիգարխի, թող նա ինչ ուզում է տեղը դարձնի՝ կլինի նոր սուպերմարկետ, ժամանցի կենտրոն (ինչու ոչ, մշակութային կենտրոն, թեև մեր օլիգարխները նման թիթիզ բաներ չեն սիրում), արդեն կարևոր չէ, քանի որ ինչ էլ լինի, սրանից լավ է լինելու, և հավատացեք, տարածքի բնակիչներն էլ դժգոհություն  չեն հայտնի հերթական առքուվաճառքի համար, քանի որ բոլորն էլ զզվել են հսկայական աղբանոցի և զուգարանի հարևանությամբ ապրելուց (որպես նման առքուվաճառքի օրինակ հիշեք Մասիվի «Ունիվերսամը»):

Իսկ եթե արդեն վաճառել ես (որն ավելի հավանական է, քանի որ մեր քաղաքապետարանը բավականին ճկուն զեղչերով աշխատող առքուվաճառքի օբյեկտ է), ապա չե՞ս կարողանում, ուժդ ու թափդ այդքան չե՞ն ներում, որ ստիպես գնորդին տերություն անել իր նոր տարածքին, կամ ձեր լեզվով ասած, օբյեկտին:


 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել