Ժամանակին նման վերտառության գործում էր բավականին հայտնի մի խանութ՝ Առաջին մասի «Ունիվերսամը»: Բավականին լավ խանութ էր, երկհարկանի, առաջին հարկում տնտեսական ապրանքների բաժինն էր, իսկ երկրորդում՝ մթերային: Ճիշտ է, մթերային բաժինը ավելի շուտ փակվեց, քան տնտեսականը, բայց դա չխանգարեց ամբողջ այդ տարածքում հայտնի խանութի՝ տնտեսական բաժնի բավականին աշխույժ առևտրի իրականացմանը:
Բայց...Օրերից մի օր տնտեսական բաժինն էլ փակվեց: Լուրեր տարածվեցին, թե մի օլիգարխ գնել է ամբողջ «Ունիվերսամը», որի փոխարեն պատրաստվում է հիմնել իր սուպերմարկետների ցանցի հերթական խանութը: Ճիշտ է, բավականին դժգոհություններ եղան, բայց դե ո՞վ է լսում հասարակ քաղաքացու ձայնը:
Տարիներ անցան, երևի արդեն 5-6 տարի, բայց այդ հսկայական շինությունը, որը ժամանակին ինչպես ամբողջ Շենգավիթ համայնքի, այնպես էլ Երևան քաղաքի, և հատկապես նրա հյուրերի (քանի որ «Ունիվերսամը» գտնվում է Երևան քաղաքի մուտքերից մեկի ճանապարհին) համար բավականին հարմար վայր էր՝ գնումներ կատարելու, այսօր բառիս բուն իմաստով, կիսախարխուլ ավերակ է:
Հսկայական տարածք զբաղեցնող այդ շինությունը վերածվել է՝
Եվ բնական է, ի՞նչ կա զարմանալու, այդպես էլ պետք է լինի մի վայրում, որը անտերության է մատնված և քաղաքային իշխանությունների՝ մասնավորապես քաղաքապետարանի, և համայնքային իշխանությունների՝ թաղապետարանի, և այն հավանական գնորդի կողմից, ում թեթև ձեռքով այժմ ունենք այն պատկերը, որը նկարագրեցի վերևում:
Հարգելի քաղաքապետարան (թեև ինչ հարգելի), այս քաղաքում էլ տեղ չի մնացել, ամեն ինչ վաճառել ես. մի՞թե մոռացել ես այս հսկայական շինության տեղը, արի, տես և վաճառի մի օլիգարխի, թող նա ինչ ուզում է տեղը դարձնի՝ կլինի նոր սուպերմարկետ, ժամանցի կենտրոն (ինչու ոչ, մշակութային կենտրոն, թեև մեր օլիգարխները նման թիթիզ բաներ չեն սիրում), արդեն կարևոր չէ, քանի որ ինչ էլ լինի, սրանից լավ է լինելու, և հավատացեք, տարածքի բնակիչներն էլ դժգոհություն չեն հայտնի հերթական առքուվաճառքի համար, քանի որ բոլորն էլ զզվել են հսկայական աղբանոցի և զուգարանի հարևանությամբ ապրելուց (որպես նման առքուվաճառքի օրինակ հիշեք Մասիվի «Ունիվերսամը»):
Իսկ եթե արդեն վաճառել ես (որն ավելի հավանական է, քանի որ մեր քաղաքապետարանը բավականին ճկուն զեղչերով աշխատող առքուվաճառքի օբյեկտ է), ապա չե՞ս կարողանում, ուժդ ու թափդ այդքան չե՞ն ներում, որ ստիպես գնորդին տերություն անել իր նոր տարածքին, կամ ձեր լեզվով ասած, օբյեկտին: