1918թ. մայիսին անկախացած մենշևիկյան Վրաստանը տարածքային առումով հավակնում էր տեր դառնալ ցարական Ռուսաստանի Բաթումի մարզին և Քութայիսի ու Թիֆլիսի նահանգներին:
Ինչպես պատմական, այնպես էլ ազգային տեսակետից անվիճելիորեն հայկական Ջավախքն ու Լոռին մտնում էին Թիֆլիսի նահանգի Ախալքալաքի և Բորչալուի գավառների մեջ՝ սրանով իսկ վրացական հավակնությունների առարկա հանդիսանալով:
Դրոյի մանևրը
Առաջին համաշխարհայինի ավարտական փուլում՝ 1918թ. աշնանը, Օսմանյան Թուրքիան զորքերը հեռացրեց ռազմակալված Ախալքալաքի և Բորչալուի գավառներից: Թուրքական զորամասերի հեռանալուց հետո կրկին սրվեց մինչ այդ անթեղված հայ-վրացական հակամարտությունը: Բանն այն է, որ ռազմակալված տարածքներից հեռանալու մասին թուրքական հրամանատարությունը միաժամանակ տեղեկացրել էր և՛ Հայաստանի, և՛ Վրաստանի իշխանություններին:
Թուրքական զորքերի դուրսբերմանը 1918թ. հոկտեմբերի 18-ին անմիջապես հաջորդեց Դրոյի գլխավորած հայկական ջոկատների մուտքը Հարավային Լոռի: Մանրակրկիտ մշակված և սրընթաց իրականացված ռազմարշավն անակնկալի բերեց վրացիներին և առաջացրեց նրանց բուռն հակազդեցությունը:
Համաշխարհային պատերազմում Քառյակ դաշինքի երկրների պարտության հեռանկարի պայմաններում 1918թ. հոկտեմբերի 27-ին Վրաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Նոյ Ռամիշվիլին Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնականների հանրապետության կառավարություններին առաջարկեց ներկա գտնվել նոյեմբերի 3-ին Թիֆլիսում գումարվող խորհրդաժողովին, որը պետք է լուծում տար պետությունների միջև գոյություն ունեցող խնդիրներին:
Թիֆլիսի խորհրդաժողովը
Խորհրդաժողովի օրակարգը վրացիներն սահմանել էին առանց մյուս մասնակիցների հետ խորհրդակցելու: Այս հանգամանքով, ինչպես նաև վրաց-ադրբեջանական հնարավոր դաշինքի պարագայում սահմանային հարցերը կարգավորելիս մեկուսանալու հեռանկարով պայմանավորված՝ Հայաստանը հրաժարվեց մասնակցել խորհրդաժողովին: Այն այդպես էլ պաշտոնապես չգումարվեց: Սա է՛լ ավելի սրեց հայ-վրացական հարաբերությունները: Հայերի «մեղքն» այն էր, որ ցանկանում էին տարածքային վիճելի հարցերը լուծել երկկողմ բանակցությունների միջոցով, այլ ոչ թե կովկասյան բոլոր պետությունների մասնակցությամբ:
Դիվանագիտական հակամարտությանը 1918թ. դեկտեմբերի 13-ին հաջորդեց վրաց-հայկական երկշաբաթյա պատերազմը: Պատերազմը դադարեցնելու նպատակով Անդրկովկասում դաշնակիցների զորքերի հրամանատար գեներալ Թոմսոնը ռազմական գործողությունների վայր ուղարկեց իր ներկայացուցիչ կապիտան Գրինին, որը դեկտեմբերի 15-ին Հայաստանի իշխանություններին առաջարկեց 14 օրով զինադադար հաստատել:
Կապիտան Գրինի և վրացի պատվիրակների հետ ռազմական գործողությունները դադարեցնելու պայմանները քննարկելու նպատակով դեկտեմբերի 16-ին ՀՀ կառավարությունը պառլամենտի անդամ Մարտիրոս Հարությունյանի գլխավորությամբ պատվիրակություն ուղարկեց Ղարաքիլիսա: Սակայն վրացական կառավարությունը պատվիրակներ չուղարկեց, և Գրինի առաքելությունը տապալվեց:
Զինադադարի ստորագրումը
Թիֆլիսում գտնվող անգլիացի գեներալ Ռայկրոֆտը, ֆրանսիացի գնդապետ Շարդինիեն և Վրաստանի վարչապետ Նոյ Ժորդանիան, Վրաստանում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչ Արշակ Ջամալյանի մասնակցությամբ (չնայած վերջինիս ընդդիմությանը) 1918թ. դեկտեմբերի 25-ին ստորագրեցին զինադադարի համաձայնագիր, որով պետք է վերջ դրվեր զինված գործողություններին, իսկ հայկական զորքերը պետք է հետ քաշվեին:
Հայկական կողմն սկզբում բողոքեց, սակայն սկզբունքորեն համաձայնություն տվեց պատերազմը դադարեցնելու դաշնակիցների պահանջին: Դեկտեմբերի 29-ին Ղարաքիլիսայում հայերն ստորագրեցին առաջարկած զինադադարի համաձայնագիրը: Դեկտեմբերի 31-ի ժամը 24-ին ռազմական գործողությունները դադարեցին:
Տարածքային վեճի «լուծումը»
Հունվարի 17-ին ավարտվեց հայ-վրացական խորհրդաժողովի առաջին փուլը, որը Դաշնակիցների պարտադրանքով ի վնաս Հայաստանի շահերի ժամանակավորապես «լուծում» տվեց Բորչալուի և Ախալքալաքի շուրջ ընթացող տարածքային վեճերին: Ախալքալաքում մտցվեց վրացական վարչակարգ, իսկ հայկական զինուժի կողմից պատերազմի ժամանակ ազատագրված Լոռին վերածվեց «Չեզոք գոտու»՝ դաշնակիցների հսկողության տակ: Սա այն դեպքում, երբ պատերազմն ավարտվել էր հայերի հաղթանակով:
Լոռու Չեզոք գոտու մեջ մտած ավելի քան 40 գյուղ բաժանվեց երեք տեղամասերի՝ Ալավերդու, Ուզունլարի (ներկայիս Օձունը), Վորոնցովկայի (ներկայիս Տաշիրը): Հետաքրքիր է այն հանգամանքը, որ Ալավերդու պղնձահանքերը հայտնվում էին դաշնակիցների վարչական վերահսկողության տակ գտնվող Չեզոք գոտում, ինչը տնտեսապես հարվածում էր Հայաստանին: Միայն դաշնակիցների ճնշման տակ, ինչպես նաև ելնելով երկրի շրջափակված լինելուց և ծանր սոցիալ-տնտեսական պայմաններից, հայկական պատվիրակությունը համաձայնվեց ստորագրել վերը բերված պայմանագիրը:




