Ռուս-թուրքական հարաբերությունների խորացման հիմքում, որ առավել ցայտուն դրսևորվեց վերջին տարիներին, ընկած են կողմերի տնտեսական շահերը: Մոսկվայում այսօր շատերին է «դուր գալիս» Թուրքիայի շեղումը եվրաատլանտյան ուղղությունից: Սակայն պետք է տեսնել նաև մեդալի երկրորդ երեսը:
Թուրքիայի ուժեղացումը որպես ինքնուրույն իսլամական խաղացող և առաջնորդող դերի ձգտումը իսլամական ու թուրքական աշխարհում անխուսափելիորեն կհանգեցնի Մոսկվայի ու Անկարայի միջև մրցակցության սրման: Ռուսաստանի կարճաժամկետ տնտեսական շահերը հակասում են երկրի երկարաժամկետ աշխարհաքաղաքական շահերին, այդ թվում՝ միասնական Ռուսաստանի պահպանման խնդրին:
Ռուսաստանի կենտրոնախույս ուժերն ակտիվանում են ռուսական էթնոնացիոնալիզմի ուժեղացմանը զուգահեռ: Առանց Կովկասում ամուր թիկունք ունենալու ժամանակակից ռուսական կայսրությունը դատապարտված է քայքայման:
Այսօրվա քննարկումներում երբեմն այն տպավորությունն է ստեղծվում, որ հայերն ավելի շատ են մտահոգված Ռուսաստանի ճակատագրով, քան իրենք՝ ռուսները: Ասվածը մասամբ ճիշտ է, քանզի մենք չենք կարող մոռանալ 1917թ. դասերը: Ռուսական հայտնի առածը ձևափոխելով՝ կարելի է պնդել՝ Ռուսաստանի վրա հույս դիր, բայց տե՛ս, չվրիպե՛ս ու չթուլանա՛ս:
Ուժեղ, ինքնուրույնության բարձր մակարդակ ունեցող ազգային պետության կերտումը հայերի համար այլընտրանք չունի: Այդ ճանապարհին արվածն ավելի քիչ է, քան չարվածը: Պատճառներից մեկն էլ ինքնագոհությունն է ու անհիմն վստահությունը, թե առկա իրավիճակը փոփոխության ենթակա չէ:



