Մինչ Ուկրաինան կանգնած է սննկացման եզրին, Արևմուտքն ու Ռուսաստանը պահանջում են հստակեցնել տնտեսական քաղաքականությունը:
Չնայած այն բանին, որ Ուկրաինայում ընդդիմությունը խաղից հանեց Յանուկովիչին, կրքերն այնտեղ դեռ չեն հանդարտվում՝ առնվազն արևելյան և հարավային շրջաններում: Բայց դա դեռ թողնենք մի կողմ...
Ընդդիմությունը կարծես կամաց-կամաց դուրս է գալիս էյֆորիայի միջից և հասկանում, որ երկիրը գտնվում է շատ ծանր սոցիալ-տնտեսական վիճակում: Գերագույն Ռադայի նորընտիր նախագահը, որն այժմ նաև երկրի նախագահի և վարչապետի ժամանակավոր հանձնակատարն է, կիրակի օրը Ռադայի նիստի ժամանակ հայտարարել է, որ երկրի տնտեսությունը գտնվում է կրիտիկական, աղետալի վիճակում. երկրի պետական գանձարանը դատարկ է:
Ինչպես հիշում եք, նախորդ տարվա դեկտեմբերին Ռուսաստանը պատրաստակամություն հայտնեց օգնել Ուկրաինային, և կողմերը եկան համաձայնության, որ Ռուսաստանը կտրամադրի իր եղբայրական պետությանը շուրջ $15 մլդ-ի օգնություն և կնվազեցնի գազի գինը: Գազի գինը նվազեց, և խոստացված $15 մլդ-ից 3-ը, այսպես ասած, ծառայեց իր նպատակին:
Այժմ ստեղծված իրավիճակում Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի շտապի շարունակել գնել Ուկրաինայի եվրապարտատոմսերը և կսպասի նոր կառավարության և տնտեսական քաղաքականության ձևավորմանը:
Թեմայի շրջանակներում մեկ այլ հայտարարություն էլ արել է ԵՄ հանձնաժողովի փոխնախագահ Օլի Ռենը G20-ի երկրների ֆինանսների նախարարների հանդիպման ժամանակ` ասելով, որ Ուկրաինան կանգնած է սննկացման եզրին, և այդ երկրին անհրաժեշտ է ոչ թե բազմամիլիոնանոց ֆինանսական օգնություն, այլև բազմամիլիարդանոց, որպեսզի հնարավոր լինի կայունացնել տնտեսական վիճակը, սակայն, ինչպես Ռուսաստանի ֆինանսների նախարարը, այնպես էլ Օլի Ռենը ասել, է որ ԵՄ-ը պատրաստ է տրամադրել Ուկրաինային «էական ֆինանսական օգնություն», եթե ընդունվի քաղաքական որոշում անցկացնելու բարեփոխումներ՝ հիմնված ժողովրդավարական սկզբունքների վրա: Նշեմ, որ նմանատիպ տնտեսական բարեփոխումների մասին է նշել նաև Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Քրիստինա Լագարդը:
Այսպիսով, Ուկրաինան, գտնվելով լուրջ քաղաքական և հասունացող սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակում, հայտնվել է նաև երկընտրանքի առջև: Մի կողմից, Ռուսաստանն է սպառնում, որ չի տրամադրի այդ օգնությունը և, ով գիտե, դեռ գուցե վերականգնի Ուկրաինային մատակարարվող գազի նախկին գինը, որը կարող է հանգեցնել երկրի վերջնական կոլապսի, իսկ Արևմուտքը «պատրաստակամություն» է հայտնում օգնել, բայց...
Այնպես որ, ներկայիս կամ՝ էլ ավելի կոռեկտ կլինի ասել Ուկրաինայի դե ֆակտո իշխանությունները լավ կլինի մի քիչ արագ կողմնորոշվեն և փորձեն ելքեր փնտրել իրավիճակից դուրս գալու համար, թե չէ կարող են հայտնվել սեփական փորած փոսում, որը ծայրահեղականները հաստատ ուրախ կլինեն ավելի խորը փորել, որպեսզի ոչ ոքի համար հանկարծ նեղվածք չլինի: