Lragir.am-ը գրում է.

Մայդանը եւ Հայաստանը

Լեհ երգիծաբան Ստանիսլավ Եժի Լեցն ասում է, որ «երբ բոլորը լողում են հոսանքին համընթաց, շատ դժվար է որոշել, թե ով է իր կամքով լողում»: Դրան հակասում է չինական ասացվածքը. «Եթե չես կարող հաղթել թշնամուն, սպասիր գետի ափին, եւ կտեսնենս, թե ինչպես է լողում նրա դիակը»:

Հայ հանրությունը վաղուց է «լողում» այս երկու իմաստությունների միջեւ: Հայերին առաջարկվել է քաղաքական մահվան «քունը», եւ հայերն ընդունել են այն:

Ուկրաինացիները ցույց են տվել, որ Եվրոպան չի մեռել եւ, ի հեճուկս Օսվալդ Շպենգլերի, դեռ գտնվում է պահպանողական հեղափոխության սպասումների մեջ: Արեւմտյան Ուկրաինան, Լվովը եվրոպական քաղաքակրթության հանգուցային տարածաշրջանն է եւ մինչ այժմ գտնվում է Հռոմի, Վիեննայի, Վարշավայի, Բեռլինի, Մոսկվայի Կոստանդնուպոլսի եւ այլ քաղաքակրթական կենտրոնների հմայքի ներքո:

Ընդ որում, Մայդանը դարձել է գործնական բնույթի նախաձեռնողական գեներացնող կենտրոն եւ հնարավորություն տվել Եվրոպայում կառուցել աշխարհքաղաքական նոր իրողություն՝ Բեռլին-Վարշավա-Կիեւ առանցքը, եվրոպական այլ «անկյունների» մասնակցությամբ, որը սինթեզում է Արեւմտյան ու Արեւելյան Եվրոպան, ավարտին հասցնելով ու ամբողջացնելով «Եվրոպա» հասկացությունը:

Մայդանը գործնականում հնարավորություն տվեց դիտարկել նաեւ գերմանա-լեհա-ուկրաինական գործընկերության կոնֆիգուրացիան, որպես լիովին ինքնուրույն եւ ինչպես Արեւմուտքին, այնպես էլ Արեւելքին դիմակայող առանցք, հաստատելով Միջին Եվրոպայի վերաբերյալ պատկերացումները, որը չի կարող սահմանափակվել տնտեսական ու ռազմա-քաղաքական խնդիրներով եւ կարող է առաջարկել եվրոպական «կենտրոնամետ պահպանողականության» նոր գաղափարախոսությունը:

Արժանին մատուցենք ուկրաինացի ժողովրդի հերոսությանը, որը ոտքի կանգնեց առանց արտաքին աջակցության որեւէ հույսի, ընդդեմ կայսերական արխաիզմի վերադարձի:

Ռուս քաղաքագետներն ու փորձագետները փորձում են Հայաստանին պարտադրել հանրային իրավիճակի կոնֆլիկտայնությունը, որը չկա: Երեւում է տեղի է ունենում Հայաստանին՝ որպես գործընկերոջ, անհուսալիության մեջ մեղադրելու սցենարի նախապատրաստությունը:

Այս նախադրյալները, որոնք ստեղծում է ռուսական քարոզչությունը, ռուս-հայկական հարաբերությունների մեջ ինչ որ նոր բանի կարեւոր նշաններ են: Ռուսաստանը պատրաստվում է միջպետական քաղաքական միավորման գաղափարի իրագործմանը, եւ ստիպված է բավարարվել միայն պաշտպանական խնդիրներով ու անվտանգության խնդիրների լուծմամբ:

Մայդանը սալոնային եւ դաշտային շատ քաղաքագետների կստիպի խորհել այն մասին, թե ինչ է թույլատրված երաշխավորել իրենց տերերին: Այս իրավիճակը խոր ճգնաժամ կմտցնի Ռուսաստանի հասարակական-քաղաքական կյանքում, կհանգեցնի շատ հավակնությունների հույսերի կորստի, ինչպես նաեւ կայսերական «շարժումներում» կստիպի լինել ավելի զգուշավոր:

Սակայն, արդյոք Հայաստանում գոյություն ունի ընդդիմություն եւ դիմադրություն գաղութացմանն ու վասալացմանը: Անկասկած, ընդդիմություն կա, եւ ավելի ու ավելի շատ մարդիկ են կտրուկ քննադատական դիրքորոշում որդեգրում Ռուսաստանի թելադրանքի ու Հայաստանի կապիտուլյացիայի հարցում: Անշուշտ, դա հայերի նոր սերունդն է, որը ոչ մի ընդհանուր բան չի ցանկանում ունենալ քաղաքական մեռնող կուսակցությունների ու խմբերի հետ:

Մայդանի գլխավոր արդյունքը ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի քաղաքականության ակտիվացումն է, նախեւառաջ Արեւելյան Եվրոպայում: Ընդ որում, Վաշինգտոնում եւ Լոնդոնում հասկացել են, որ արտաքին քաղաքականության մեջ պասիվությունը հանցավոր է առավել քան երբեւէ, քանի որ Եվրոպայի վրա կախվել է գլոբալ վակուումի սպառնալիքը, որը չի կարող չլցվել:

Արդեն պարզ է դարձել, որ Եվրատլանտյան հանրությունը որոշել է ուժեղացնել ՆԱՏՕ-ի դերը Արեւմտյան հանրության ընդհանուր կոնֆիգուրացիայի մեջ, ասպարեզից քիչ ինչ հեռացնելով Եվրամիությանը:

Կան նշաններ, որ Հայաստանի հարցում նույնպես որոշում կա: Արեւմուտքին այլեւս չեն հետաքրքրում Հայաստանի քաղաքական ղեկավարության դիրքորոշումն ու հնարավորությունները:

Արեւելյան Եվրոպայի հարցում կիրառվելու է Ջորջ Բուշի հնարքը՝ նոր գործընկերներին ներգրավել «ականջը ձգելով», սակայն եթե նույնիսկ ականջները բացակայում են, միեւնույն է, նրանց ներքաշելու են ՆԱՏՕ-ի ռազմավարության եւ ազդեցության ոլորտ:

ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն հասկանում են, որ Վրաստանն ի վիճակի չէ միայնակ լուծել տարածաշրջանային խնդիրները եւ իր առաջ նման խնդիր չի դնում: Իսկ Ադրբեջանի վրա խաղադրույք անելը պարզապես անլուրջ է եւ նույնիսկ վտանգավոր: Պետությունը, որը Թուրքիայի մերձավոր գործընկերն է, չի կարող կատարել ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերոջ գործառույթ:

Միեւնույն ժամանակ, Հայաստանը պահպանում է հետեւյալ գործառույթները՝ Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռության պահպանումը եւ Թուրքիայի էքսպանսիայի զսպումը, առանց որի անհնար է Հարավային Կովկասի ինտեգրումը Եվրամիությանը, նոր խնդիրներով ու գործառույթներով:

Ենթադրություն կա, որ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի այս դիրքորոշումն ակտուալ կլիներ նաեւ առանց Մայդանի ֆենոմենի, սակայն ուկրաինական պահպանողական հեղափոխությունն անշուշտ աջակցել է այդ մտադրություններին:

Հարց է առաջանում՝ իսկ ովքե՞ր են ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի գործընկերները Հայաստանում: Բանն այն է, որ շահերի այդ դասավորության մեջ Հայաստանում գործընկերներ պետք չեն:

Ճեղքումը տեղի է ունեցել, սակայն առանց հայերի մասնակցության: Կարելի է ենթադրել, թե աշխարհում ներկայում ինչ կարծիք ունեն հայերի մասին: Նրբանկատ հայտարարությունների տակ կարելի է հեշտությամբ գտնել նվաստացուցիչ գնահատականներ: Ըստ էության, Մայդանի իրադարձությունների հարցում բացակայում էր որեւէ էական արձագանք:

Հայերը փորձում են «նստել գետի ափին», ինչպես խորհուրդ են տալիս իմաստուն չինացիները, առավել եւս, «երբ բոլորը լողում են հոսանքին համընթաց, շատ դժվար է որոշել, թե ով է իր կամքով լողում»:

Հայերը յուրօրինակ ժողովուրդ են, կարողացան համատեղել երկու անհամատեղելի մարտավարություն, երկու բարոյականություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել