Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում փետրվարի 22-ինսահմանապահները թույլ չեն տվել թռչել հատուկ չվերթով ինքնաթիռին, որում եղել է նախագահ Վիկտոր Յանուկովիչը: Ինչպես հաղորդում է BBC-ն, այս մասին հայտնել է Ուկրաինայի Պետական սահմանային ծառայության ղեկավարի օգնական Սերգեյ Աստախովը:

«Դոնեցկի օդանավակայանից փորձել է թռչել հատուկ չվերթ` առանց համապատասխան սահմանային ձևակերպման»,- ասել է Աստախովը՝ միաժամանակա նշելով, որ ինքնաթիռի մոտ իրենց դիմավորել են զինված մարդիկ և գումար են առաջարկել առանց ձևակերպման թռիչքի համար: Այն բանից հետո, երբ սահմանապահները մերժել են նրանց, ինքնաթիռին երկու զրահապատ մեքենա է մոտեցել, օդանավից իջել է Յանուկովիչը և ուղևորվել անհայտ ուղղությամբ:

Աստախովը ընդգծել է, որ նրանք տեղյակ չեն, թե ուր է փորձել մեկնել Յանուկովիչը:

Ըստ Սերգեյ Աստախովի՝ մեկ այլ հատուկ չվերթով Դոնեցկից մեկնելու փորձ է արել նաև ներքին գործերի նախկին նախարար Վիտալի Զախարչենկոն, սակայն նրան ևս անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության պատճառով թույլ չեն տվել թռչել:

Ուկրաինայի Գերագույն ռադան փետրվարի 22-ին որոշում է ընդունել՝ մայիսի 25-ինարտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին՝ նշելով, որ նախագահ Յանուկովիչը ինքնազրկվել է իր սահմանադրական պարտականությունների կատարումից: Երկրի ղեկավարի լիազորությունները ժամանակավոր ստանձնել է Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը:

Ինքը՝ Յանուկովիչը, հայտարարել է, որ շարունակում է մնալ օրենքով ընտրված նախագահը և գտնվում է երկրում, շարունակելու է այցերը երկրի հարավարևելյան շրջաններ՝ հանդիպելու և խորհրդակցելու մարդկանց հետ, որպեսզի թույլ չտա երկրի տրոհումը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել