Hraparak.am-ը գրում է.
Հայաստանի բուռն արձագանքը Ուկրաինայում կատարվող իրադարձությունների վերաբերյալ մի բան է վկայում. ուկրաինական հեղափոխությունը անարձագանք չի անցնելու Հայաստանի կողքով: Երկիր, ուր 2008-ի փորձը՝ վերականգնելու արդարությունը, խեղդվեց արյան մեջ, չի կարող չարթնանալ վերահաս գարնան ձնհալից: Հեղափոխությունը նման է գարնան, երբ բախում է դուռը, ձյան հալոցք է սկսում: Ձմեռն ինչքան էլ դիմադրի, փորձի երկարաձգել, միևնույն է, հալոցքը տեղի է տալու: Սա միանշանակ: Եվ պատահական չի, որ մայդանում բանտից ազատված Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն իր ելույթում կարևորել է. «… Հարազատներս, դուք հերոսներ եք, ես միայն հիմա կարողացա հասկանալ, թե դուք ինչպես կարողացաք դիմագրավել, չնայած սպառնալիքներին եւ ճնշումներին, ձեր ալիքի շնորհիվ նախկին Սովետական Միության երկրներում կլինեն փոփոխություններ, այնտեղ, որտեղ դեռ դիկտատուրա է, կտեսնեն ձեր օրինակը եւ փոփոխություններ կանեն իրենց երկրներում... »: Հասարակության զարթոնքը նման է բնության զարթոնքին և նույն օրենքներով է առաջնորդվում. եթե քթիդ տակ գարուն է, այն քեզ էլ կհասնի: Այլ բան է, որ բնության բարիքները Աստծո սիրով է շռայլվում, որովհետև տերը Աստված է, իսկ հասարակության բարիքները գտնվում է մարդու ձեռքին ու երբեմն մեկ կամ մի քանի տերերից է կախված լինում երկրի բարեկեցությունը: Մեկ կամ մի քանի մարդու ախորժակի չափից է կախված լինում տվյալ ժողովրդի սոցիալական վիճակը: Ավելին, ստրկությունը, բռնությունը, սպանությունը, նեղելը, կեղեքնելը , ստորացնելը, հացից կտրելը դառնում են այդ մեկ կամ մի քանի մարդու ձեռքին գործիքներ, որոնք տարբեր իրադրություններում տարբեր մեթոդներով կիրառելով, մարդկանց պահում են կախյալ, ենթակա վիճակում: Աստված արդարության ուժը հաստատելու շնորհը ժողովրդին է տվել, Ուկրաինայի հոգևորականները դա լավ են գիտակցել ու կանգնել ժողովրդի կողքին և եթե իշխանությունը դիմակայում է, եթե ուժ է գործադրում ու սահուն ձևով չի հեռանում, ժողովուրդն իր արյան գնով պարտադրում է նրան՝ հեռանալ: Արյան պատասխանատուն իշխանությունն է, իսկ արյունը, որ թափվում է, սուրբ է, որովհետև ժողովրդի ազատությանն է ծառայել: Սա ես մանրացնում եմ նրա համար, որովհետև այսօր արդեն իշխանական քարոզիչները մեղմ ձևով ժողովրդի ազատագրական պայքարը փորձում են տանել բռնության աստիճանների վրա: Ինչպե՞ս կարող է մեկ անձը բռնանալ մի ողջ ժողովրդի վրա ու տարիներ շարունակ կեղեքել, հյութաքամ անել ու դա հանդուրժել, իսկ երբ մի ողջ ազգ ելնում է այդ բռնապետի դեմ, համարել դա ոչ թե հեղափոխություն, առաջընթաց, այլ… Այն իշխանությունը, որը ժողովրդինը չէ, պետք սահուն հեռանա ու հաստատվի ժողովրդի իշխանությունը, եթե չի հեռանում, արյան, բռնության ողջ պատասխանատվությունն ընկնում է նրա վրա:
ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ



