Newsbook.am-ը գրում է.

Փոքրիկ, շատ հաճախ մոռացության տրվող, արտաքուստ իր գավառական նեղլիկ ու համեստ կյանքով ապրող Գորիսը գուցե գրանցվի Գինեսի գրքում՝ իր ներքին խլրտումներով, անհանգստություններով, իր «բազմաշերտ զարգացումներով»։ Այս փոքրիկ քաղաքում, որտեղ դեռ 20-րդ դարասկզբի շունչն է գերիշխողը, պարզվում է, շատ ավելի մեծ ինտրիգներ կան, քան ուզածդ մեծ քաղաքում: Եվ բոլոր ինտրիգները կապակցվում են քաղաքապետի առաջիկա ընտրություններին, որտեղ դարձյալ ու դարձյալ շրջանառվում է տխրահռչակ Լիսկայի ու նրա շրջապատի անունը: Դեռ օրեր առաջ խոսվում էր այն մասին, որ Լիսկան որոշել է չփոխել խաղի կանոններն ու գործող քաղաքապետ Նելսոն Ոսկանյանին մղել նոր առաջադրման:

Սակայն երկու օր առաջ ամեն ինչ գլխիվայր շրջվել է, լիսկայական բանակում վերադասավորումներ են եղել, ու այժմ որոշվել է, որ նոր քաղաքապետ է դառնալու Սասուն Խաչատրյանը՝ Որոտանի հէկ-երի գլխավոր տնօրենը, լիսկայական շրջապատի ամենակարկառուն ներկայացուցիչը, որը համարվում է Սյունիքի ընդհատակյա միլիարդատերը։ Սասուն Խաչատրյանի առաջադրումը բազմաքայլ կոմբինացիայի արդյունք է: Եվ սա չի տեղավորվում սոսկ տեղական պայմանավորվածությունների սահմաններում:

Այսօր արդեն գաղտնիք չէ, որ Որոտանի հէկ-երի վաճառքը կարող է դառնալ մի նոր սկանդալի սկիզբ, կարող է բացահայտել կառավարության և հատկապես էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի մի նոր թաքուստված ու խայտառակ գործարք: Իսկ այս գործարքում իր անմիջական ներկայությունն ունի Սասուն Խաչատրյանը, որը զբաղեցնելով գլխավոր տնօրենի պաշտոնը, ըստ էության, նրա տերն էր, ամենամեծ եկամուտները ստացող անձը։ Վաճառելով Որոտանի կասկադը, կառավարությունը որոշակիորեն նեղացնում է Սասուն Խչատրյանին, զրկում նրան միլիոնավոր դոլարներ ստանալու հնարավորությունից: Ուստի հարկավոր նրա համար «մխիթարական քայլ» հորինել:

Եվ ահա Լիսկա-կառավարություն «բանակցություններն» ավարտվել են հօգուտ Սասուն Խաչատրյանի. տրվել է «դաբրո» նրան դարձնելու Գորիսի քաղաքապետ: Սա նաև նշանակում է, որ Լիսկան դառնում է հավերժական կերպար այս քաղաքի համար, քանի որ, ըստ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի, Սասուն Խաչատրյանը համարվում է «Լիսկայի բանդայի» ամենացայտուն դեմքերից մեկը, նրա անվան հետ ևս կապակցվում են մի շարք կրիմինալ պատմություններ։ Նախկին քաղաքապետն իր բազմաթիվ հայտարարություններում հիշատակել է Սասուն Խաչատրյանի անունը, նրան մեղադրել բազմաթիվ մեղքերի մեջ: Ու եթե Լիսկան, այնուհանդերձ, դիմել է դատարան, իր «առաքինի անունը»  փորձել պաշտպանել նախկին քաղաքապետից, ապա Սասուն Խաչատրյանը լռություն է պահպանում: Գորիսում ասում են, որ չի ուզում «մրջնի բույնը» քանդել։ Այսինքն, Սամվել Հարությունյանը պատրաստ է նոր ու զորավոր փաստեր ներկայացնել։

Սասուն Խաչատրյանին «թագադրելու» լուրը նոր ցնցում է առաջացրել Գորիսում: Հիմա շատերն են վախով ու տագնապով խոսում, որ նրան քաղաքապետ դարձնելու համար գործի կդրվեն բազմաթիվ միջոցներ, ընտրություններին կխառնվեն իշխանությունները, կզրկեն գորիսեցուն սեփական ցանկությամբ քաղաքապետ ընտրելու հնարավորությունից։

Մ. Լևոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել