Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը մի քանի նախադասությամբ վերահաստատել է, որ իրենց ներկայացրած բյուջեն փուչիկ է, իսկ դրա կատարման համար միջոցներ պարզապես չկան, ուստի ստիպված են մտածել նոր հարկատեսակների ու պահումների համակարգեր, քանի դեռ ամեն ինչ ջրի երես չի բարձրացել: Մասնավորապես, նա մտահոգություն է հայտնել, թե ինչպես է լուծվելու երիտասարդների թոշակների հարցը, եթե երկիրը ծերացող է, մեջբերում եմ. «Առաջինը՝ հարկ վճարողները պետք է այնքան հարկ վճարեն, որով մենք կարողանանք թոշակներ վճարել: Աշխարհում տեղի ունեցավ երկու արմատական փոփոխություն. առաջինը՝ դեմոգրաֆիական փոփոխություններն են՝ և՛ զարգացող, և՛ զարգացած երկրները, որոնց դասին պատկանում է նաև Հայաստանը, համարվում են ծերացող երկրներ: Երկրորդ՝ կյանքի տևողությունը երկարում է, սա նշանակում է, որ այս երկու գործոններն իրենց ազդեցությունն ունեն գործող համակարգի վրա»:

Եթե վերլուծենք, ապա.
1. Հայաստանը ոչ զարգացող, ոչ էլ առավել ևս զարգացած պետություն է, եթե, իհարկե, չհաշվենք միջազգային վարկանիշային որոշ կազմակերպություններին տրված պատվերներն ու վճարվող խոշոր գումարները կամ ներկայացվող գունավոր աղյուսակները, այլ օբյեկտիվորեն ներկայացնենք իրականությունը ու ընդունենք, որ Հայաստանը կտրուկ հետընթաց ապրող պետություն է:
2. Պայքարեք կոռուպցիայի ու ատկատների դեմ, որպեսզի բյուջեի միջոցները ոչ թե գնան ոմանց գրպանը, այլ ծառայեն իրենց նպատակներին: Այդ դեպքում կարիք չի լինի հարկատուներին տեռորի ենթարկել, հարկատուներն էլ ստիպված չեն լինի իրենց աշխատածի մեծ մասը սպառնալիքի տակ զիջել պետությանը: Չնայած միայն թոշակ վճարելով հարցը չի լուծվում, էս մարդիկ ուզում են թանկարժեք մեքենաներ ու վիլլաներ ունենալ, Ձեզնից ի՞նչ է գնում, որ մի քիչ ավել վճարեք պետությանը:
3. Այն, որ Հայաստանը ծերացող երկիր է, դրա գլխավոր մեղավորներն ու պատասխանատուները կրկին այս սոցիալ-տնտեսական քաղաքականություն իրականացնողներն են, քանի որ աղքատության ու արտագաղթի պայմաններում երեխաներ չեն ծնվում, ծնվելու դեպքում էլ ձգտում են շուտափույթ հեռանալ ու ապրել Հայաստանից դուրս՝ հանգեցնելով դեմոգրաֆիկ աղետի:
4. Ըստ վարչապետի՝ մարդիկ, չգիտես՝ ինչու, սկսել են երկար ապրել՝ չնայած կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի բնակչությունը պակասի, մնացողներն էլ երկար չապրեն, որպեսզի իրենք էլ ստիպված չլինեն թոշակառուին մի քանի տարի ավել թոշակ վճարել... Իսկ եթե ուզում եք երկար ապրել, ուրեմն այսօր վճարեք Ձեր վզին փաթաթված հարկերը, էս մարդիկ հո իրանց փայը Ձեզ չե՞ն տալու...
5. Վարչապետը չի թաքցնում, որ աղքատության մակարդակի պատճառով օբյեկտիվորեն կա անվստահություն իրենց նկատմամբ, բայց դա ոչինչ չի փոխում, կարևորը իրենք լավ լինեն...
‪#‎Դեմ_եմ_պարտադիրին‬

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել