Ուկրաինայի ընդդիմադիրները, անկախ ձեռք բերված բոլոր պայմանավոր վածություններից, պահանջում են իշխանություններից ազատ արձակել նաև երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին: Այս մասին ասել է «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ Արդենի Յացենյուկը: Նա պահանջել է, որ հենց այսօր Գերագույն ռադան քննարկի այդ հարցը:
Իրավիճակը ներկայումս այնպիսին է, որ Յանուկովիչի դիրքերը Գերագույն ռադայում փոքր-ինչ թուլացել են՝ առավելևս հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախօրեին «ռեգիոնների» կուսակցության մի շարք անդամներ պաշտպանեցին ընդդիմադիրների կողմից առաջ քաշված այն օրինագիծը՝ ըստ որի, պահանջվում էր դուրս բերել Բերկուտին և ոստիկանությունը Կիևի կենտրոնից: Այնպես որ, չի բացառվում, որ ռադան ի վերջո Տիմոշենկոյին ազատելու վերաբերյալ որոշում կայացնի, բայց հարց է, թե ինչքանով այդ որոշումը հնարավոր կլինի գործնականում իրականացնել: Բանն այն է, որ ներկայումս բախումները շարունակվում են, իսկ հատուկ ջոկատայինները ոստիկանության հետ մեկտեղ շարունակում են պայքարը ընդդիմադիր-ծայրահեղակկանների դեմ՝ առանց հաշվի առնելու ռադայի որոշումը:
Հարցը այստեղ, կարծում եմ, պետք է այլ կերպ ձևակերպել: Կազատի՞ Յանուկովիչը Տիմոշենկոյին, թե ոչ: Կարծում եմ, որ Տիմոշենկոյին ազատելով` Յանուկովիչը շատ մեծ սխալ կգործի: Այդ ժամանակ նա կկորցնի իր բոլոր շանսերը մնալ իշխանության և դեռ մի բան էլ կարող է հայտնվել Տիմոշենկոյի բանտախցում, էլ չեմ ասում, որ սա հաստատ կհանգեցնի Ուկրաինայի պառակտմանը, քանի որ առնվազն Ղրիմի իշխանություններն արդեն իսկ հայտարարել են, որ դուրս կգան Ուկրաինայի կազմից և կմիանան Ռուսաստանին, եթե տապալվի «լեգիտիմ իշխանությունը», իսկ իրենց պատկերացմամբ դա նշանակում է Յանուկովիչի տապալումը և եվրոպամետների իշխանության գալը:
Ի վերջո, ի՞նչ երաշխիքներ կան, որ այս «համաժողովրդական» ալիքը որ բարձրացել է, բարձրացել է մեկ կուսակցության ղեկավարի համար: Այսօրվա դրությամբ վերահսկողությունը դուրս է եկել կոնկրետ Կլիչկոյի և Յացենյուկի ձեռքերից և ղեկավարվում է ծայրահեղականների կողմից: Ո՞վ կարող է երաշխավորել, որ Տիմոշենկոյի ազատ արձակումը կհանդարտեցնի կատաղած ամբոխին: