Այսօր շատ է խոսվում այն մասին, որ քրդերի համար ստեղծվել են կամ էլ ստեծվում են աշխարահաքաղաքական բարենպաստ պայմաններ, որպեսզի վերջապես կարողանան ստեղծել իրենց համար պետություն և այնպիսին, որը կհամատասխանի ավելի քան 40.000.000 քրդական բնակչության համար, որն այսօր գտնվում է տարածաշրջանի չորս երկրներում (Թուրքիա, Իրաք, Սիրիա, Իրան): Սակայն, հաշվի առնելով այն քաղաքական ճգնաժամը, որն առկա է Իրաքյան Քուրդիստանում, կարծում եմ՝ վաղ է նման ֆուտուրիստական կանխատեսումներ անելը: 2012թ.-ի դեկտեմբերից հետո, երբ Իրաքի ազգությամբ քուրդ նախագահ Ջալալ Թալաբանին հոսպիտալացվեց լուրջ առողջական խնդիրներով` առ այսօր լինելով բժիշկների ամենօրյա հսկողության տակ՝ Գերմանիայում, անկայունության շրջան սկսվեց ոչ միայն Իրաքում, այլև Իրաքյան Քուրդիստանի ներքաղաքական-հասարակական կյանքում: Բանն այն է, որ նախորդ տարվա սեպտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ տասնամյակներ շարունակ Քուրդիստանի քրդերի մեծամասնության աջակցությունը վայելող Թալաբանիի գլխավորած «Քուրդիստանի հայրենասիրական միություն» (PUK) կուսակցությունը զգալիորեն զիջեց իր դիրքերը՝ միանգամից հայտնվելով երրորդ տեղում` հավաքելով ձայների շուրջ 17%-ը` ետ մնալով նույնիսկ 2009 ստեղծված «Գորան» (Gorran) ռեֆորմիստական կուսակցությունից, որը ընտրություննրի արդյունքում հավաքեց ձայների շուրջ 24%-ը: Առաջին տեղում հայտնվել է մի կուսակցություն, որի դեմ PUK-ի առաջնորդ Ջալալ Թալաբանին պայքարել է տարիների շարունակ: Դա, այսպես կոչված, «Քուրդիստանի դեմոկրատական կուսակցությունն է» (KDP), որը հավաքել է ընդհանուր ձայների շուրջ 38%-ը: Իսկ այժմ խոսենք այն մասին, թե ինչու է Իրաքյան Քուրդիստանը հայտնվել անկայունության շեմին:
Այսօր հիմնական խնդիրն այն է, որ ընտրություններից ավելի քան 4 ամիս անց հնարավոր չի լինում կազմավորել կառավարություն: Տեսեք, այսօր տեխնիկապես առաջին և երկրորդ տեղում հայտնված կուսակցությունները կարող են հանգիստ ձևավորել նոր կառավարություն, բայց առաջին տեղում հայտնված կուսակցության` KDP-ի առաջնորդները շատ լավ հասկանում են, որ այդ դեպքում PUK-ը կարող է գործի դնել իրեն հավատրիմ մնացած հազարավոր զինյալներից բաղկացած աշխարհազորը և անկայունացնել երկրամասը, որը բնավ ձեռնտու չի լինի ընտրություններում հաղթած կուսակցության համար, որն այժմ փաստացի վերահսկում է բոլոր շահութաբեր ներդրումային և բիզնես ծրագրերը:
Բանն այն է, որ տասնամյակներ շարունակ թե՛ Թալաբանիի կուսակցությունը, թե՛ «Քուրդիստանի դեմոկրատական կուսակցությունը» մշտապես պահպանել են իրենց հավատարիմ ռազմական թևը` հրաժարվելով զինաթափել այդ մարդկանց, կամ էլ ներառել սովորական ոստիկանական զորքերի մեջ, քանի որ մշտապես առկա է եղել միմյանց հանդեպ անվստահության մթնոլոտ: Այժմ, չնայած այն բանի, որ PUK-ը պարտվել է ընտրությունների արդյունքում և հայտնվել երրորդ տեղում, նրանք փաստացի չեն ընդունում իրենց պարտությունը և ցանկանում են ստանալ առանցքային պաշտոններ կառավարությունում՝ մասնավորապես ցանկանալով փոխվարչապետի, խորհրդարանի խոսնակի, ինչպես նաև փոխնախագահի պաշտոնները: Այս համատեքստում երկրորդ տեղը զբաղեցրած կուսակցությունը բազմիցս հասկացնել է տվել, որ չի պատրաստվում մնալ ընդդիմություն ևս մի քանի տարի և անպայման ցանկանում է նոր կառավարության մաս կազմել: Այլ կերպ ասած, «Գորանը» ևս ուզում է օգտվել նավթով հարուստ Իրաքյան Քուրդիստանի բարիքներից:
Տեսեք, եթե որևիցէ մեկը դուրս է մնում կառավարման համակարգից, ապա դա ուղղակիորեն հանգեցնում է ճգնաժամի: Այս երեք կուսակցություննրից միայն «Գորանը» չունի ռազմական թև, բայց փոխարենը 2011թ.-ի փորձը ցույց տվեց, որ այս կուսակցությունը՝ ի դեմս իր առաջնորդ Նավշիրվան Մուստաֆայի (Nawshirwan Mustafa), կարող է ամիսներ շարունակ փողոց հանել տասնյակ-հազարավոր մարդկանց` խաթարելով երկրամասի կայունությունը: Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ այս երեք կուսակցությունները, ունենալով չափազանց տարբեր գափափարախոսություններ և ծրագրեր, գործնականում չեն կարողանա միասին աշխատել կառավարությունում:
Իրաքյան Քուրդիստանը այսօր կանգնած է չափազանց լուրջ երկընտրանքի առջև և դժվար է ասել, թե որ ճանապարհն է այստեղ ավելի ճիշտ, բայց ես կարծում եմ, որ այնուամենայնիվ, քրդերը պետք է կարողանան պատվով դուրս գալ այս ճջնաժամից, ցույց տալով աշխարհին, որ իրենք ևս ունակ են ինքնորոշվել և պետություն ունենալ: Պետք է շատ քաջ գիտակցել, որ այն, ինչ այժմ քրդերն ունեն Իրաքում, երկար տարիներ կրած զրկանքների և աշխատանքի արդյունք է և չի կարելի այդ ամենը վտանգել հանուն որոշ խմբերի կամ էլ անձնական շահերի համար: Այսօր քրդերի համար պատմական հնարավորություն կարող է ընձեռվել ունենալ ավելի մեծ Քուրդիստան և միավորել ամբողջ ազգը մեկ պետության մեջ, բայց եթե քրդերն ունակ չլինեն միավորվել առնվազն մեկ երկրամասում, ապա չեմ կարծում, որ ունակ կլինեն դա անել ընդհանրապես, իսկ դրա հետևանքների մասին խոսելն ավելորդ է, բայց մտածելը՝ անհրաժեշտություն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mindset.tutoring/posts/654716061262241?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել