Վահեին սկսեցին սպանել 2012-ի մայիսի 6-ին, երբ օգտվելով հարյուր հազարավոր մարդկանց` իրենց իսկ կողմից հասցրած աղքատ ու անհույս վիճակից, կաշառեցին-փչացրեցին` իրենց իշխանությունը վերարտադրելու նպատակով.
Վահեին սկսեցին սպանել մարտի 20-ին, երբ փոխելով մինչ այդ կայացրած բանական որոշումը` շտապ «զորակոչեցին» Ռուբեն Հայրապետյանին ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու թիվ 1 ընտրատարածքում.
Վահեին սկսեցին սպանել 2008-ի փետրվարի 19-ին, ինչպես նաեւ մինչ այդ` 2003-ի, 1998-ի, 1996-ի նախագահական ընտրությունների ընթացքում, երբ գործող իշխանությունը վերաբռնատիրանում էր իշխանական աթոռներին, որոնց այդքան ագահորեն կառչած էր.
Վահեին սկսեցին սպանել 2008-ի մարտի 1-ին, այն տղաների հետ միասին, ում սպանությունը այդպես էլ մնաց անպատիժ.
Վահեին սկսեցին սպանել 1999թ. հոկտեմբերի 27-ին` այն 8 պետական գործիչների հետ միասին, ում սպանության կազմակերպիչները մինչ օրս մնացել են չբացահայտված եւ չպատժված.
Բայց նաեւ յուրաքանչյո՛ւրս կդառնանք Վահեին սպանողներից մեկը եթե համակերպվենք այն մտքի հետ, որ այսպիսի՛ն է լինելու մեր երկրի կարգը, դրվածքը, որ սա՛ է լինելու Հայաստանը...