Երեկ ամբողջ գիշեր ռուսական եւ եվրոպական հեռուստաալիքներով հետեւել եմ Կիեւում, Լվովում տեղի ունեցող իրադարձություններին: Ցուցադրված տեսանյութերն արտացոլում էին կիեւյան իրականությունը: Ռուսական հեռուստաալիքներով ավելի շատ ցուցադրում էին հարձակումը ոստիկանների վրա, եվրոպականով`ցուցարարների. նայած, թե ում, ինչ է ձեռնտու ցուցադրել: Այս դեպքերը Հայաստանում չէ, որ տեղի են ունենում, բայց մի տեսակ մարդու տրամադրությունն ընկնում է, ծանր եմ տանում: Կապ չունի, հայե՞րը, ուկրաինացինե՞րը, թե՞ որեւէ այլ ժողովուրդ է նման իրավիճակում հայտնվել. թշնամուս էլ չէի ցանկանա, որ դրսից եկած գումարներով նման «հրաշքներ» տեղի ունենար: Իսկ որ դրսի` գլխավորապես Արեւմուտքի, որոշ չափով էլ ռուսական փողերն իրենց դերն ունեն ուկրաինական, այսպես կոչված, «հեղափոխության» հարցում, դա հաստատում են շատ պատմաբաններ, քաղաքագետներ: Այժմ դրանց վերաբերյալ անգամ ապացույցներ են ձեռք բերվում: Առանց դրսի հովանավորության, դժվար թե Ուկրաինայում որեւէ քաղաքական ուժ կամ ընդդիմադիր գործիչ կարողանար ինքնուրույն երկրում նման իրավիճակ ստեղծել: Ամենագլխավորն այն է, թե հետագայում ի՞նչ է շահելու դրանից ժողովուրդը. արդյո՞ք այդ «հեղափոխությունը» նպաստելու է նրա կենսամակարդակի, կյանքի որակի բարձրացմանը: Եթե ոչ, ապա հեղափոխությունն իր նպատակին չի ծառայել ու գրոշի արժեք էլ չունի եւ միայն քայքայում է մարդկանց կյանքը: Անհրաժեշտ է վերլուծել տվյալ երկրի տնտեսական ցուցանիշները հեղափոխությունից առաջ եւ դրանից մի քանի տարի անց, թե ինչպիսի՞ն են դրանք: Ցավալի է, որ երկու օրում Կիեւում 25-ից ավել զոհեր կան: Գիշերը ոստիկանները հարձակվել են ցուցարարների վրանների վրա, Եվրանյուսով մահացած մարդկանց դիակներն էին ցուցադրում: Բայց ոստիկաններն էլ են մեղք: Նրանց կարծես պատնեշի պես կանգնեցրել են, որոշ ծայրահեղականորեն տրամադրված անձինք է՛լ բենզինի շիշ, է՛լ քար ու ինչ ասես չտան գլխներին: Կա՛մ ջրցան մեքենաներով ցրե՛ք այդ ցույցը, որ զոհեր չլինեն, կա՛մ անցեք ցուցարարների կողմը, կա՛մ էլ թողեք-գնացեք: Այսպես որքա՞ն կարող է շարունակվել: 

Մի երկու խոսք էլ Տիմաշենկոյի մասին: Այս կնոջը դատել են կաշառակերության համար. ինչպե՞ս կարելի է նմանին արդարացնել, ով քաղաքական գործիչ է խաղում: Յուրաքանչյուր ողջամիտ մարդ չպետք է նրան պաշտպանի: Պաշտպանել Տիմաշենկոյին, նշանակում է, որ կարելի է պաշտպանել նաեւ մեր կաշառակեր իշխանավորներին: 

ՀԳ: 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ մեր միտինգավորները շատ ավելի խելոք էին, ոստիկանությունն էր ագրեսիվ, իսկ այժմ տպավորությունն այնպիսին է, որ Ուկրաինայում գոյություն ունի ցուցարարների մի զանգված, որ շատ ագրսեիվ է տրամադրված. այրում, ջարդում, փշրում են ամեն ինչ: Բացի այդ, Հայաստանում մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ դրսից հովանավորություն չի եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել