Կարդալ անպայման
Նալբանդյանը խոստովանեց. Հիմնարար սկզբունքները` ԼՂՀ հավանությամբ, հետո` մասնակցությամբ
Հայերենում հավանությունն ու մասնակցությունը տարբեր բառեր են
Ինչպես հայտնի է, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնել է Ղարաբաղ, որտեղ հանդիպումներ է անցկացրել ԼՂՀ բարձրագույն ղեկավարության հետ: Բնականաբար, քննարկման հիմնական թեման ԼՂ հիմնախնդրի կարգավորումն է: Եւ այն, որ իր այցելություններով Ղարաբաղին շատ հազվադեպ «պատիվ անող» Նալբանդյանը նորից այնտեղ է, արդեն իսկ կասկածներ են առաջացնում, որ այս այցելությունը պատահական չէ: Նախորդ անգամ Նալբանդյանը Ղարաբաղ էր այցելել 2009-ի հուլիսին` Օբամա-Սարկոզի-Մեդվեդեւ համատեղ հայտարարությունից հետո: Այս անգամ Նալբանդյանը մեկնել է` Օլանդ-Օբամա-Պուտին համատեղ հայտարարությունից հետո: Այսինքն, Նալբանդյանը ԼՂ է գնում միայն այն ժամանակ, երբ միջնորդները սկսում են կողմերին սեղմել, պահանջելով արագացնել կարգավորման գործընթացը:
Երկրորդ էական հանգամանքն այն է, թե ինչ է խոսել Նալբանդյանը Ղարաբաղում: Ըստ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության, Բակո Սահակյանի հետ հանդիպմանը Նալբանդյանը տեղեկացրել է Փարիզում Ադրբեջանի ԱԳ նախարարի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպման մասին, ապա խոսել են բանակցային գործընթացից: «Վերջին շրջանում Հայաստանի հետ սահմանին եւ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից կազմակերպած սադրանքների լույսի ներքո զրուցակիցները քննարկեցին միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման ուղղությամբ եռանախագահների կողմից գործադրվող ջանքերը»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ: Նույն օրը, Նալբանդյանը բավականին ուշագրավ մեկնաբանությունէ է տվել «Արմենպրես» գործակալությանը. ի դեպ, դա կարող էր Նալբանդյանը անել ղարաբաղյան որեւէ լրատվամիջոցի հետ զրույցում: Ինչեւէ, այն հարցին, թե ի՞նչ հարցեր են քննարկվել ձեր եւ ԼՂՀ նախագահի միջեւ այսօր կայացած հանդիպմանը, Նալբանդյանը պատասխանել է. «Հանդիպման ընթացքում նախագահ Սահակյանին տեղեկացրեցի Փարիզում Ադրբեջանի ԱԳ նախարարի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպման մասին: Մտքեր փոխանակեցինք ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ընթացող բանակցային գործընթացի շուրջ: Արցախի ղեկավարության հետ մշտական խորհդատվություններ են անցկացնում նաեւ եռանախագահները: Շուտով, մոտ 10 օրից համանախագահները նորից լինելու են տարածաշրջանում, այդ նպատակով այցելելու են Ստեփանակերտ: Ես կցանակայի եւս մեկ անգամ շեշտել, որ առանց ԼՂ մասնակցության չի կարող լինել հիմնախնդրի կարգավորում: Հիշեցնեմ նաեւ, որ Կազանում մեկ տարի առաջ տեղի ունեցած գագաթաժողովից առաջ, մենք արդեն հնչեցրել էինք. հիմնարար սկզբունքները չեն կարող համարվել վերջնականպես համաձայնեցված առանց ԼՂ հավանության: Իսկ Հիմնարար սկզբունքների համաձայնեցումից հետո, խաղաղ համաձայնագրի մշակումն անհնարին է առանց ԼՂ մասնակցության»:
Ինչպես տեսնում ենք` Նալբանդյանի ասելիքի հիմնական մեխը վերջին նախադասությունն է: Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ է ուզում ասել Նալբանդյանը: Ա` հիմնարար սկզբունքները չեն կարող համարվել վերջնականպես համաձայնեցված առանց Լեռնային Ղարաբաղի հավանության: Բ` Հիմնարար սկզբունքների համաձայնեցումից հետո, խաղաղ համաձայնագրի մշակումն անհնարին է առանց ԼՂ մասնակցության:
Հիմա ուշադիր կարդանք ամենակարեւոր բառերը` առաջին նախաադասության մեջ դա «Ղարաբաղի հավանություն»-ն է, երկրորդում` «ԼՂՀ մասնակցություն»: Այսինքն, Նալբանդյանն ուղիղ ասում է` Հիմնարար սկզբունքները համաձայնեցվելու են առանց ԼՂՀ մասնակցության, իսկ Ղարաբաղը գործընթացին միանալու է դրանից հետո` Մեծ Պայմանագրի շուրջ բանակցությունների ժամանակ: Այսինքն, այն, ինչ հեռանալուց քիչ առաջ հայտարարում էր Մինսկի խմբի նախկին ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը, եւ ինչը հայկական կողմերը համառորեն չէին ուզում հաստատել: Այժմ Նալբանդյանը ուղիղ ձեւով հասկացնում է ԼՂՀ իշխանություններին, որ Հիմնարար սկզբունքների համաձայնեցման փուլին ԼՂՀ մասնակցությունը նախատեսված չէ. իսկ դա կարեւոր է այնքանով, որ վերջին 2-3 տարիների ընթացքում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը շատ էր սիրում հայտարարել, թե ԼՂՀ-ն պետք է մասնակցի բանակցային գործընթացի բոլոր փուլերին` այսինքն, նաեւ Հիմնարար սկզբունքների համաձայնեցմանը: Եւ ի դեպ, ամեն ինչ խոսում է այն մասին, որ միջնորդները փորձում են նախագահների մակարդակով նոր հանդիպում կազմակերպել. թերեւս հենց այդ նախապատրաստման կետերից մեկն էլ Նալբանդյանի այցը Ղարաբաղ:
Քրիստինե Խանումյան



