Tert.am-ը գրում է.

Հայաստանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ իր մաքսային հարաբերությունները կարգավորում է երկկողմ դաշտում և ունի «առավել բարենպաստության ռեժիմ», ինչը ունի նաև Մաքսային միությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպիսի մաքսային ռեժիմ կգործի հարևան երկրներից Հայաստան ներմուծումների կատարելու դեպքում` ՄՄ անդամ երկիր դառնալուց հետո:

«Այս ռեժիմը նշանակում է, որ այդ երկրին տրվում է ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան տրվում է որևէ այլ երրորդ երկրի: Եվ քանի որ Մաքսային միության անդամ երկրները Իրանի նկատմամբ ունեն այդ ռեժիմը, հետևաբար Հայաստանի անդամակցությունից հետո Իրանի հետ ռեժիմի վատթարացում չի կարող լինել»,-ասաց նա:

Անդրադառնալով Վրաստանին՝ նա նշեց, որ վերջինիս հետ ներկայումս Հայաստանն ունի ստորագրված և գործող ազատ առևտրի համաձայնագիր, որը, ինչպես նշեց փոխնախարարը, հիմք է տալիս փոխադարձ առևտրում մաքսատուրքեր չկիրառել:

«Ի՞նչ կլինի, երբ Հայաստանը ՄՄ-ին անդամակցի. մենք այս հարցը քննարկել ենք վրացական և Մաքսային միության մեր գործընկերների հետ: Վրաստանի հետ ազատ առևտրի գործող ռեժիմ ունեն նաև ՄՄ անդամ երկրները: Ես չեմ տեսնում որևէ տարբերակ, որ մենք դադարեցնենք Վրաստանի հետ ազատ առևտրի ռեժիմը, որովհետև դա մեր տնտեսությանը ձեռնտու չէ: Մենք անդամակցելուց հետո պետք է շարունակենք աշխատել նույն կերպ: Հետևաբար` մաքսատուրքեր չեն կիրառվելու»,-ասաց փոխնախարարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել