1in.am-ը գրում է.
Իրանը մտադիր է իր գազը եվրոպական շուկա դուրս բերել Թուրքիայով՝ ասել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը: Այս մասին փոխացնում է TRT Haber հեռուստաալիքը:
Նրա խոսքով՝ այդ նախագիծը կարևոր է երկու կողմերի համար, սակայն հարցի շուրջ դեռևս որևէ պայմանավորվածություն չկա:
Խոսելով Իրանի դեմ գազի գնի վերաբերյալ Թուրքիայի հայցը քննող արբիտրաժային դատարանի մասին՝ նախարարն ասել է, որ Անկարան դատական արդար որոշման հույս ունի:
Այսօր Միջազգային արբիտրաժային դատարանը կքննի Թուրքիայի հայցն ընդդեմ Իրանի: Հօգուտ Թուրքիայի որոշման կայացման դեպքում Թեհրանը կպարտավորվի մատակարարվող գազի համար 30 տոկոսի զեղչ տրամադրել:
2012-ի մարտին Անկարան իրանական գազի գնի հարցով դիմել է Միջազգային արբիտրաժային դատարան:
Իրանից Թուրքիա տարեկան 10 մլրդ խորանարդ մետր գազի մատակարարումների մասին համաձայնագիրը ստորագրվել է 1996 թվականին:
Գազի գները պաշտոնապես չեն հաղորդվում, սակայն թուրքական ԶԼՄ-ների տվյալներով՝ Թուրքիան իրանական գազի 1000 խորանարդ մետրի դիմաց 492 դոլար է վճարում:



