Վերջերս շատ են ակտիվացել այն խոսակցությունները, որ Թուրքիան պատրաստվում է բացել հայ-թուրքական սահմանը: Արդարության համար պետք է նշել, որ պաշտոնական Անկարան ժամանակ առ ժամանակ զարտուղի ճանապարհներով տարածում է նման տեղեկատվություն՝ որոշ արտաքին քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով, սակայն այս անգամ կան որոշ տարբերություններ թե՛ հանգամանքների, թե՛ գործողությունների բովանդակության իմաստով: 

Սկսվել են ականազերծման աննախադեպ աշխատանքներ՝ Հայաստանի հետ սահմանի ամբողջ երկայնքով: Այս մասին վերջերս գրել էր թուրքական «Աքշամ» պարբերականը: Բանն այն է, որ Թուրքիան Եվրամիության հետ կնքել է մի համաձայնագիր, ըստ որի, նախատեսվում է ականազերծել Հայաստանի և Իրանի հետ սահմանները։ Միայն առաջին փուլում նախատեսվում է ականազերծել 11 մլն 665 հազար քմ տարածք։ Ծրագիրն իր մեջ ներառում է նաև այն, որ սահմաններում հսկողությունը սկսվելու է իրականացվել նոր տեխնոլոգիական սարքավորումներով, այդ թվում, ինֆրակարմիր և ջերմային տեսախցիկներով։ Այլ կերպ ասած, ականազերծման հետ մեկտեղ իրականացվելու են նաև սահմանային անցակետերի մոդեռնիզացման լուրջ աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 52 մլն 450 հազար եվրո, որի 75 տոկոսը հատկացնում է Եվրամիությունը, իսկ 25 տոկոսը՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Տվյալ միջոցառումները մի շարք մեկնաբանությունների տեղիք են տվել: Հենց նույն թուրքական պարբերականը գտնում է, որ առաջիկայում հավանական է, որ հայ-թուրքական սահմանը բացվի, որի դիմաց Հայաստանը Ադրբեջանին կվերադարձնի որոշ «օկուպացված» շրջաններ: Հայ-թուրքական սահմանի հավանական բացման վերաբերյալ՝ լրագրողների հետ խոսել է նաև Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության ու տեղեկատվական ապահովման բաժնի պետ Էլնուր Ասլանովը: Վերջինս պնդումն էլ, որ որոշ երկրներ շահագրգռված են հայ-թուրքական սահմանի բացմամբ և լրջորեն ֆինանսավորում են այդ գործընթացը, սակայն միևնույն ժամանակ Ասլանովը համոզմունք է հայտնել, որ Թուրքիան հետևողական կլինի իր խոստմանը և հայ-թուրքական սահմանը կբացի բացառապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման պարագայում: 

Այժմ եկեք փորձենք միասին վերլուծել ստեղծված իրավիճակը: Ես անձամբ չեմ կարծում, որ Հայաստանը երբևէ կգնա որևէ տարածքային զիջման՝ հանուն հայ-թուրքական սահմանի բացման: Դրանք պարզապես անհամադրելի են: Միևնույն ժամանակ չեմ էլ կարծում, որ Թուրքիան պատրաստ է հավելյալ միլիոններ ծախսել մի բանի համար, որն իրեն ոչ մի օգուտ չի բերելու, ասել է թե, դժվար թե Թուրքիան համաձայներ Հայաստանի հետ սահմանն ամբողջությամբ ականազերծել ինքնանպատակ՝ ծախսելով ահռելի միջոցներ: 

Կարծում եմ՝ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ մոտենում է Մեծ եղեռնի 100-րդ տարելիցը, և դրան ընդառաջ Թուրքիան պարզապես պարտավոր է անել որոշ քայլեր, որպեսզի հնարավոր լինի մեղմել հայկական քարոզչության հետևանքները: Խնդրում եմ ճիշտ հասկանալ՝ բնավ ցանկություն չունեմ գերագնահատելու հայկական սփյուռքի և մեր պետության հնարավորությունները, բայց ընդամենը հաշվի առնելով այն վերջին բացահայտումը, որը տեղի ունեցավ Էրդողանի և Մերկելի հանդիպման ժամանակ, գալիս է ապացուցելու այն, որ մենք լուրջ քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ: Կներեք արտահայտությանս համար, բայց էշի ականջում քնած չենք: Այդ երկուսի հանդիպման ժամանակ պարզ դարձավ, որ 2015-ին ընդառաջ, Գերմանիայի Բունդեսթագը պատրաստվում է լուրջ հատկացումներ անել Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչմանը և հիշատակմանը վերաբերող միջոցառնումներին և այդ կապակցությամբ Էրդողանը խնդրել է Մերկելին միջամտել այդ հարցում, որին ի պատասխան, ստացել է չոր մերժում: 

Գիտեք՝ ինչ ես չգիտեմ, թե Թուրքիան ի վերջո ինչպես կվարվի, բայց վստահ եմ, որ Անկարայում չեն պատրաստվում մշտապես հանդուրժել Բաքվի նվնվոցներն ու սպառնալիքները: Ի վերջո, ինչքան էլ նույն ազգն են, բայց Մեծ եղբոր դերում այստեղ Թուրքիան է, այլ ոչ թե Ադրբեջանը, և առաջնայինը Անկարայի համար Թուրքիայի շահերն են, հետո նոր Ադրբեջանինը: Երկար տարիներ շարունակվող շրջափակման քաղաքականության արդյունքում Թուրքիան, բացի վնասից, ոչինչ չի շահել: Նա պարզապես բաց է թողնում իր հնարավորությունն ամբողջությամբ ներգրավվել Հարավային Կովկասում ընթացող գործընթացներում, և նման քաղաքականության արդյունքում դառնում է միջազգային հանրության համար քննադատության թիրախ: Ինչո՞ւ պետք է Թուրքիան այս համատեքստում չբացի Հայաստանի հետ սահմանը: Ես ոչ մի պատճառ չեմ տեսնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել