Երկու օր առաջ` փետրվարի 15-ին, ավարտվեց «Ժնև-2» միջազգային համաժողովի բանակցությունների երկրորդ փուլը: Երկրորդ փուլի վերջին օրվա բանակցություններն ընդհանուր առմամբ տևեցին ընդամենը 27 րոպե, որից հետո, ըստ BBC-ի թղթակցի, ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին առաջինը դուրս եկավ լրագրողների հետ հանդիպման` չափազանց հոգնած և հյուծված տեսքով: Առաջին հերթին Բրահիմին ներողություն խնդրեց Սիրիայի ժողովրդից, որ բանակցությունների ընթացքում կրկին ոչ մի զգալի առաջընթաց չի գրանցվել, իսկ հետո արդեն սկսեց պարզաբանել դրանց մանրամասները: Այսպիսով, ըստ ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ ներկայացուցչի, չնայած այն բանի, որ կողմերը կրկին իրենց համաձայնությունն են տվել, որպեսզի լինի բանակցությունների երրորդ փուլ և նույնիսկ որդեգրել են ընդհանուր օրակարգ, սակայն, ըստ բարձրաստիճան դիվանագետի, հնարավոր չի եղել հաստատել, թե ինչ առաջնահերթությամբ կամ էլ դասավորվածությամբ պետք է քննարկվեն այդ օրակարգային հարցերը:
Պարզաբանենք: Բրահիմին առաջարկել է կառավարությանը հաջորդ փուլը սկսել մեկ օրն ամբողջությամբ տրամադրելով բռնության և ահաբեկչության թեմաներին, իսկ այնուհետև, մեկ օր էլ անցումային կառավարությանը վերաբերող հարցերին, բայց ըստ միջնորդի, կառավարությունը մերժել է այս առաջարկը: Բրահիմին կարծում է, որ կառավարության նման պահվածքը կասկածների տեղ է տալիս ընդդիմության մոտ, թե Ասադի ռեժիմն ընդհանրապես չի էլ պատրաստվում խոսել անցումային կառավարության ձևավորման մասին: Այստեղ, սակայն, հարկ է նշել, որ ընդդիմությունըմ ի դեմս իրենց ներկայացուցիչ Լուայ Սաֆֆի, առաջարկում է ստեղծել այնպիսի անցումային կառավարություն, որի մաս չի կարող լինել Բաշար Ալ Ասադը (մի բան, որն ինչպես հիշում եք, բնավ նախատեսված չէր Ժնևյան կոմյունիկեով): Ինչևէ, իր հայտարարության վերջում Բրահիմին հուսահատված ասել է, որ կողմերը պետք է վերադառնան իրենց «բազաներ» և քննարկեն իրենց ղեկավարների հետ և ի վերջո պարզեն, և մենք էլ հասկանանք՝ ուզո՞ւմ են այս գործընթացի շարունակականությունը, թե ոչ: Այլ կերպ ասած, պատրաստ են արդյո՞ք կողմերը քաղաքական կամք ցուցաբերել և լուրջ առաջընթաց գրանցել խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար, թե ձգտում են գործընթացի՝ հանուն գործընթացի:
Շաբաթ օրվա հայտարարությանը, ինչպես և սպասելի էր, հնչեցին տարբեր մեկնաբանություններ՝ մի շարք շահագրգիռ երկրների կողմից: Առաջինն արձագանքեցին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարությունները: Նրանք միաձայն քննադատեցին սիրիական կառավարությանը՝ «Ժնև-2»-ը ձախողելու համար: Նմանատիպ մեկնաբանություններով միացավ նաև Պետքարտուղարությունը, որը ևս իր հերթին քննադատեց կառավարության պատվիրակությանը և կատարվածի ամբողջ պատասխանատվությունը դրեց Ասադի ռեժիմի վրա և, սրան ի հավելումն, կոչ արեց Ռուսաստանին ճնշում գործադրել Սիրիայի կառավարության վրա, որպեսզի հնարավոր լինի գալ ինչ-որ համաձայնության: Ջոն Քերին պնդել է, որ Ռուսաստանն ունի այն լծակները, որ կարողանա ճնշել Ասադին գնալ զիջումների: Սրան Ի պատասխան, սակայն, Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովն ասել է, որ իրենք ինտեսիվորեն աշխատում են երկու կողմերի հետ, սակայն Սիրիայի ապագայի վերաբերյալ, և խնդրի վերջնական և երկարատև լուծման համար կառավարությունն ու ըննդիմությունը պետք է միասին գան ընդհանուր ըմբռնման:
Դատելով ստեղծված իրավիճակից՝ կարելի է ասել, որ խնդիրը հայտնվել է փակուղում. կողմերը չեն գնում փոխզիջման և դեռ մի բան էլ բանակցողների «կարմիր գծերը» գտնվում են հակառակ ուղղություններում: Ի՞նչ անել այս պարագայում: Պետքարտուղարությունն առաջարկում է Ռուսաստանին օգտագործել իր լծակները՝ ճնշելու Ասադին: Անկեղծ ասած, ես չեմ հասկանում այս առաջարկության կամ կոչի տրամաբանությունը: Ռուսաստանն էլ կարող է շատ հանգիստ ասել, օգտագործեք Ձեր լծակները՝ ճնշելու համար ընդդիմությանը, որպեսզի հնարավոր լինի «առաջընթաց գրանցել»: Ի վերջո, ո՞րն է այսօր միջազգային հանրության իրական մտահոգությունը՝ ռեժիմ փոխե՞լը, թե արյունահեղության և քաոսի դադարեցումը: Եթե դատենք հայտարարություններով, ապա առաջինը, սակայն եթե դատենք գործողություններով, ապա պարզվում է վերջինը: Ո՞վ է այսօր զենք-զինամթերք տրամադրում ընդդիմությանը, կամ ով՞ է այսօր ֆինանսավորում հենց այդ նույն ընդդիմության, իհարկե, Արևմուտքը իր՝ Միջին Արևելքում գտնվող որոշ դաշնակիցներով՝ ի դեմս Քաթարի և Սաուդյան Արաբիայի: Դեռ մի քանի այլ գործողություններ ևս կարելի է ներկայացնել այս երեսպաշտական քաղաքականության վերաբերյալ, բայց սահմանափակվենք այսքանով և կենտրոնանաք բուն թեմայի վրա՝ ի՞նչ անել:
«Ժնև-2»-ը դեռ չսկսած՝ բոլորս էլ լավ հասկանում էինք, որ Իրանին վերջին պահին չհրավիրելը լրջորեն վնասելու էր ամբողջ գործընթացը: Ախր, երբ ԱՄՆ-ն կոչ է անում Ռուսաստանին ճնշել Ասադին, պետք է նաև հասկանա, որ Սիրիայի կառավարության՝ մասնավորապես Ասադին ճնշելու հարցում, Ռուսաստանի խոսքը բնավ վերջինը չէ: Այս տարածաշրջանում գոյություն ունի 2500 տարվա անդադար պետականություն ունեցող Իրանը: Սա մի երկիր է, որն ուզեն թե չուզեն, դուր գա իրենց այդ երկրի կենցաղը, մշակույթը, թե քաղաքական կառուցվածքը, տարածաշրջանային տերություն է և Սիրիայի ամենամոտ դաշնակիցը: Իրանի հետ հաշվի չնստել՝ նշանակում է չգտնել խնդրի վեջնական լուծում: Սիրիայի նշանակությունը Իրանի համար առանցքային է, եթե Սիրիայի խնդիրը չլուծվի՝ հաշվի առնելով Իրանի շահերը, լինի դա Ասադի՝ իշխանությանը մնալով, թե առանց դրա, ապա Իրանին այլ ելք չի մնում, քան գնալ վա-բանկ…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mindset.tutoring/posts/653227844744396?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել