Lragir.am-ը գրում է.
Սոչիի Օլիմպիական խաղերի մրցումների 9-րդը օրը մեդալների 4 հավաքածու է խաղարկվել: Տեղեկացնենք, որ վատ եղանակային պայմանների պատճառով հետաձգվել է տղամարդկանց բիաթլոնի 20 կմ մրցումը:
Հոկեյի մրցաշարում հայտնի են դարձել որակավորման փուլի և քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները: Երեկ կայացած խաղերում հետևյալ արդյունքներ են գրանցվել՝
A խումբ. Ռուսաստան-Սլովակիա 1-0, ԱՄՆ-Սլովենիա 5-1
B խումբ. Կանադա-Ֆինլանդիա 2-1, Ավստրիա-Նորվեգիա 3-1:
Ավելի վաղ կայացել էին նաև C խմբի խաղերը, որտեղ առաջին տեղն է զբաղերել Շվեդիայի հավաքականը:
Խմբային փուլում ցուցադրած արդյունքներով քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճած 4 թիմերն են՝ Կանադա, Ֆինլանդիա, ԱՄՆ, Շվեդիա: Մյուս 8 թիմերը քառորդ եզրափակիչ մտնելու համար որակավորման խաղ կխաղան: Որակավորման զույգերն են՝ Ավստրիա-Սլովենիա, Ռուսաստան-Նորվեգիա, Շվեյցարիա-Լատվիա, Չեխիա-Սլովակիա:
Չմշկավազքի կանանց 1500 մետր պայքարում պատվո հարթակն ամբողջությամբ զբաղեցրել են հոլանդացիները Յորիեն Տեր Մորս, Իրեն Վյուստ, Լոտե Վան Բեկ հերթականությամբ:
Կանանց սնոուբորդ քրոս ոճում հաղթել է չեխ Եվա Սմակովան և իր հավաքականին բերել առաջին ոսկին: Կանադուհի Դոմինիկ Մալտեն արծաթե մեդալ է նվաճել, ֆրանսուհի Քլոե Տրեսպուշը՝ բրոնզե:
Տղամարդկանց լեռնադահուկային մրցավազքում հաղթել է նորվեգացի Կյետլ Յանսրուդը, արծաթը բաժին է ընկել ամերիկացի Էնդրյու Վերբրեխտին, իսկ բրոնզը կիսել են ամերիկացի Բոդե Միլլերը և կանադացի Յան Հուդեցը:
Տղամարդկանց 4x10 կմ դահուկավաքում հաղթել է Շվեդիայի հավաքականը: Երկրորդը Ռուսաստանն է, երրորդը՝ Ֆրանսիան:
Մեդալային հաշվարկում առաջատարը կրկին Գերմանիան է 7 ոսկի, 3 արծաթ, 2 բրոնզով: Երկրորդ տեղ է բարձրացել Նիդերլանդները՝ 5 ոսկի, 5 արծաթ, 7 բրոնզ, 3-րդ Նորվեգիան՝ 5 ոսկի, 3 արծաթ, 6 բրոնզ: