1in.am-ը գրում է.

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ ավարտվել է Ակսել Մխիթարյանի գործի դատավարությունը:

29-ամյա Ակսել Մխիթարյանն աշխատել է Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ որպես երաժշտական ձևավորող:
Դատարանը նրան մեղավոր է ճանաչել դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Նախաքննության ժամանակ Ակսել Մխիթարյանն իրեն մեղավոր չի ճանաչել: 

Նա հայտնել է, թե թատրոնում աշխատելու ընթացքում ծանոթացել ու ընկերություն է արել թատրոնի դերասանուհի Ա.-ի հետ: Վերջինս սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի 2-րդ կուրսում:

Այնտեղ դասավանդել է ինստիտուտի դասախոս Վասիլ Գևորգյանը, ում ինքը նախկինում չի ճանաչել:

2013 թվականի ձմռանը Վասիլ Գևորգյանի կողմից Ա.-ի կիսամյակային քննությունն անբավարար գնահատելուց հետո ինքը զանգահարել է նրան, առաջարկել է հանդիպել ու այդ թեմայով խոսել, բայց դասախոսը մերժել է՝ ասելով, որ արդեն Երևանի ճանապարհին է: 

Դրանից հետո իրենք չեն խոսել:

2013 թվականի հունիսի 26-ին Ա.-ն նույն դասախոսի մոտ մեկ այլ առարկայից քննություն պետք է հանձներ: Ինքը մինչ այդ ընկերուհուն օգնել է քննությանը նախապատրաստվելու հարցում: 

Առավոտյան Ա.-ն գնացել է քննության, իսկ ինքը տանը սպասել է նրա զանգին, որ իմանա քննության արդյունքը:

Կեսօրին ընկերուհին զանգել ու ասել է, որ չի պատասխանել ու անբավարար է ստացել: 

Ինքը ժամը 13-ի սահմաններում գնացել է ինստիտուտ, տեսել է Ա.-ին, ապա սպասել է, մինչև Վասիլ Գևորգյանն ավարտել է քննությունը: 

Հանդիպել է նրան, առաջարկել է զրուցել ընկերուհու ստացած անբավարարի մասին:

Դասախոսը համաձայնել է, իր առաջարկով առանձնացել են մի ազատ լսարանում: 

Ինքը փորձել է համոզել, որ Գևորգյանը փոխի գնահատականը, ընկերուհուն դրական նշանակի: Պատճառաբանել է՝ թեև ընկերուհին տեսականորեն առարկային լավ չի տիրապետում, բայց ունի պրակտիկ աշխատանքի 15 տարվա փորձ:

Վասիլ Գևորգյանը պատասխանել է, թե ինքն առաջնորդվում է միայն օրենքով, որևէ այլ հանգամանք հաշվի չի առնում:

Ինքը հարցրել է՝ կարո՞ղ է տեսնել քննական ամփոփաթերթիկը: Դասախոսն ասել է, թե ամփոփաթերթիկը դեկանատում է, կարող է այնտեղից վերցնել:

Ինքը գնացել է դեկանատ, վերցրել ամփոփաթերթիկը, դուրս է եկել միջանցք, որտեղ տեսել է Վասիլ Գևորգյանին ու կրկին փորձել է համոզել, որ դասախոսը անբավարարը դարձնի բավարար, առաջարկել է նշանակած «40»-ը դարձնել «70»:

Այդ ընթացքում ամփոփաթերթիկը եղել է իր ձեռքին: Գևորգյանը փորձել է այն վերցնել: Երբ նա բարձր տոնով իրեն ասել է, որ ամփոփաթերթիկը տա, ինքը ձախ ձեռքը մեկնել է առաջ ու ասել. «Մի րոպե համբերի»:

Դրանից անմիջապես հետո Վասիլ Գևորգյանը բռնել է իր ձախ ձեռքը, ոլորել է թիկունքի կողմը ու չի թողել, որ ինքը շարժվի: 

Ինքը աջ ձեռքով մեկ անգամ հարվածել է Գևորգյանի դեմքին: Գևորգյանը աջ ձեռքի արմնկային մասով թիկունքից բռնել է իր պարանոցը ու սկսել է խեղդել: 

Ինքը գոռացել է, ասել է՝ խեղդվում եմ, բայց Գևորգյանն ավելի ուժեղ է սեղմել: Իր աչքերի առաջը սևացել է, ինքը սկսել է շնչահեղձ լինել: 

Այդ ժամանակ աջ ձեռքը տարել է տաբատի աջ կողային գրպանը, հանել է իր «ամենօրյա բացովի հավաքածուն»՝ փոքր ու մեծ դանակներով, գարեջրի բացիչով, մկրատով, փոքր սղոցով: 

Բացել է հավաքածուի մեծ դանակը և անմիջապես հարվածել՝ չպատկերացնելով ու չտեսնելով, թե Գևորգյանի մարմնի որ մասին է հարվածում:
Հարվածից հետո Գևորգյանն իրեն բաց է թողել: 

Ինքն ուշքի է եկել, տեսել արյունը ու վախեցած գնացել Վանաձորի «Թթու ջուր» կոչվող տարածքում գտնվող գետի մոտ, բարձրացել գետի վրայի կամրջին, ցանկացել է իրեն գցել գետը, ինքնասպան լինել, բայց սթափվել է, միայն ձեռքի դանակն է գցել գետը: 

Հետո զանգահարել է ընկերոջը ու խնդրել, որ նա իրեն տանի ոստիկանություն:

Ակսել Մխիթարյանն ասել է, թե չի հիշում՝ ինչպես է դանակով երկրորդ անգամ հարվածել Գևորգյանին:

Ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալ Մխիթարյանն իրեն դարձյալ մեղսագրված հոդվածով մեղավոր չի ճանաչել ու հրաժարվել է ցուցմունք տալուց:

Տուժող Վասիլ Գևորգյանը հայտնել է, որ 2002 թվականից աշխատում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝ որպես դասախոս: 

2011 թվականից տարվա մեջ մի քանի անգամ գործուղվել է ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղ՝ «Թատրոնի պատմություն» առարկան դասավանդելու: 

Վանաձորի մասնաճյուղի 2-րդ կուրսում միջին առաջադիմությամբ սովորել է Ա.-ն, ով 2013 թվականի ձմեռային կիսամյակի քննությունից անբավարար է ստացել:

Քննության ավարտից հետո՝ Երևան վերադառնալու ճանապարհին իրեն զանգահարել է մի անծանոթ, ներկայացել որպես Ա.-ի ընկեր Ակսել: Նա առաջարկել է հանդիպել ու խոսել ընկերուհու ստացած անբավարարի վերաբերյալ: Ինքն ասել է, թե դա անհնարին է, որովհետև արդեն Երևանի ճանապարհին է: Բայց պատրաստակամություն է հայտնել ընդառաջելու, եթե մինչև կիսամյակի ավարտը ուսանողուհին ներկայանա ու քննությունը հանձնի Երևանում:

Ուսանողուհին այդպես էլ չի ներկայացել:

2013 թվականի հունիսի 26-ին ինքը դարձյալ Վանաձորում է եղել: 

Երկրորդ կուրսն այդ օրը քննություն է ունեցել իր առարկայից: Քննությանը ներկա է եղել կուրսի ղեկավար դասախոսը:

Ա.-ն ասել է, թե պատրաստ չէ տրված թեմաները պատասխանելուն: Ինքն առաջարկել է, որ նա դուրս գա, մի քիչ պարապի ու գա պատասխանի:

Քննության վերջում աղջիկը ներս է մտել ու դարձյալ ասել, թե պատրաստ չէ քննությանը: Ինքը նրան անբավարար՝ «40» է նշանակել ու դուրս է եկել լսարանից:

Իրեն է մոտեցել մի երիտասարդ, ներկայացել որպես Ակսել, խնդրել է առանձնանալ ու խոսել Ա.-ի գնահատականի մասին: 

Մտել են մի ազատ լսարան՝ դեկանատի դիմաց: Ինքը երիտասարդին բացատրել է, որ ուսանողուհին ընդհանրապես ոչինչ չի պատասխանել, իսկ նման պայմաններում ինքը չէր կարող նրան դրական գնահատական նշանակել:

Երիտասարդը սկսել է համոզել, որ գնահատականը փոխի, դրական նշանակի՝ պատճառաբանելով, որ Ա.-ն շատ զբաղված է, աշխատում է թատրոնում, չի հասցնում սովորել առարկան: 

Ինքը բացատրել է, որ պարտավոր է լինել անաչառ, գնահատել օբյեկտիվ: Եթե ուսանողը ոչինչ չի պատասխանել, ինքը դրական գնահատել չի կարող:

Ակսելը գնացել է դեկանատ, վերցրել քննության ամփոփագիրը: Միջանցքում նորից իրենք խոսել են, Ակսելն առաջարկել է «40»-ը «70» դարձնել: 

Ինքը մերժել է: 

Երիտասարդն ասել է, որ չնշանակելու դեպքում ինքը խնդիրներ կունենա: 

Նա քաշել է իր ձեռքում եղած ամփոփագիրը, ճմռթել, մյուս ձեռքով բռնել է իր հագուստից: Ինքը նրանից ազատվելու համար բռնել է նրա ձեռքից, նույն պահին նա բռունցքով հարվածել է իր դեմքին: 

Հետագա հարվածներից խուսափելու համար ոլորել է Ակսելի ձեռքը, տարել դեպի թիկունք ու բռնել այդպես:

Ակսելն ասել է՝ բաց թող: Ինքն էլ ասել է՝ հանգստացի, կթողնեմ: Հետո հարցրել է՝ հանգիստ ե՞ս, թողնե՞մ: Այդ ժամանակ տեսել է, որ Ակսելը ձեռքը հետ է տարել ու հարվածել իր աճուկային շրջանին: Ինքն ուժեղ ծակոց է զգացել, նրան առաջ է հրել: Նույն դիրքում ստացել է երկրորդ հարվածը: Նկատել է Ակսելի ձեռքի դանակը: Հասկացել է, որ նա դանակով հարվածել ու վնասել է իր զարկերակը: Սեղմել է զարկերակը, մտել մոտակա լսարան:
Տուժողը ամբաստանյալին պահանջ չի ներկայացրել:

Դատարանում Վասիլ Գևորգյանն ասել է, թե իր գործողություններն ուղղված են եղել ամբաստանյալի գործողությունները կանխելուն: Ինքը ոչ միայն գործողություններով, այլև բառերով փորձել է հանգստացնել նրան: Երբ նա ասել է, թե հանգիստ է, բաց է թողել ու ստացել դանակի հարվածները:

Դասախոս Գևորգյանը նշել է, որ իրեն դանակահարել են ուսանողուհուն դրական չգնահատելու համար: Եթե պահանջված գնահատականը նշանակեր, միգուցե նման հետևանքներ չլինեին:

Ուսանողուհի Ա.-ն, ըստ տեղեկանքի, սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի բակալավրի կրթական ծրագրով «Դերասանական արվեստ» առկա բաժնի երկրորդ կուրսի ԱՆՎՃԱՐ համակարգում: 

Դոցենտ Վասիլ Գևորգյանը Վանաձորի մասնաճյուղում դասավանդել է «Հայ թատրոնի պատմություն» և «Արտասահմանյան թատրոնի պատմություն» առարկաները:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Վասիլ Գևորգյանի առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ աջ ազդրի առաջնային մակերեսի ծակած-կտրած վերք՝ ազդրային երակի սուբտոտալ վնասումով, ինչպես նաև միջին ծանրության վնաս՝ աջ աճուկային շրջանի ծակած-կտրած չթափանցող վերքի ձևով:

Ընդհանուր իրավասության դատարանը եզրակացրել է, որ ամբաստանյալը տուժողին ծանր վնասվածք է պատճառել նրա ծառայողական գործունեության հետ կապված:
Ակսել Մխիթարյանը մեղսագրված հոդվածով դատապարտվել է 5 տարի ազատազրկման: 

Պատժի սկիզբը՝ 2013 թվականի հունիսի 26-ից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել