Hraparak.am-ը գրում է.
Երբ լսում էի լրագրող Անի Գևորգյանին, ինձ մոտ վերաթարմացվեց այն պահերը, որ երբ թուրքը չէր կարողանում կանանց ձեռքերից խլել ոսկյա մատանիները, ականջօղերը, դանակը հանում և կտրում էր ականջները , մատները: Տեսախցիկը Անին կապել էր ձեռքին ու ոստիկանները քաշքշում ու չէին կարողանում այն հանել: Աղջիկը պատմում է, որ մի պահ տեսախցիկը հայտնվել էր ոստիկանի ձեռքում, բայց չէր կարող այն խլել, որովհետև բարակ գոտիով ամրացված էր թևին: Ու՞ր ենք հասել: Չկարողանալով հափշտակել տեսախցիկը, աղջկան նստեցնում են ոստիկանական մեքենան: Անիի ձեռքն էր նրանց պետք, բայց հո ձեռքը չէի՞ն կարող առանձին տանել, Անիին թողնել: Ստիպված երկուսին էլ տարան: Ոստիկանական մեքենայով տարան նաև լրագրող Սահակ Մուրադյանին, ում թևին նույնպես ամրացված էր տեսախցիկը: Նույն ճակատագրին արժանացավ նաև օպերատոր Սարգիս Գևորգյանը: Ու դեռ բարձր մակարդակով ասվում է՝ կեցցե ազատ մամուլը: Կեցցե ազատ մամուլը, որ Անիի ձեռքը չեն պոկել, ընդամենը բավարարվել են հարվածներով ու քաշքշուկով: Մնում է զարմանալ՝ այսքան պարզության մեջ, էլ ի՞նչ պետք է պարզի ոստիկանությունը: Այդ պարզելը մի տեսակ քողարկելու է վերածվել:
ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ