Newsbook.am-ը գրում է.

Առավոտվանից արդեն մի քանի հոգի զանգահարել են ինձ: Զանգերի պատճառը օգտատեր Հովիկ Վարդանյանի Facebook-յան  էջում արված գրառումն էր. «… միտինգ էր, ելույթ էր ունենում թատերագետ Լեւոն Մութաֆյանը: Նա իր ելույթում արեց հետևյալ հայտարարությունը․ «Մենք ունենք ինֆորմացիա, որ սովետական զորքերի զորամասերում տարօրինակ իրադարձություններ են տեղի ունենում՝ մանկապարտեզներից, դպրոցներից և քաղաքացիական հաստատություններից էվակուացնում են երեխաներին՝ տեղափոխելով զորամասերի ներսում գտնվող շինություններ, և Գյումրու Մսի կոմբինատից միսի, պահածոների և երշիկեղենի մեծ քանակություն են տարվել զորանոցներ: Մեր կարծիքով՝ ինչ որ բան է նախապատրաստվում: Հիմա մեր քաղաքի միլպետը՝ Լյովա Գալստյանը, այստեղ է, և խնդրում ենք՝ թող պարզաբանում տա, թե ինչ է կատարվում Գյումրիում»: Խոսափողին մոտեցավ միլիցիայի վարչության պետ Լյովա Գալստյանը և ասաց․ «Այո․ կա նման բան, բայց մենք չգիտենք՝ ինչի համար է այդ ամենը արվում»: Ներկա են եղել հազարավոր մարդիկ և հիմա ողջ և արողջ են, և Մութաֆյանը, ևԳալստյանը»: Գրվածն ամբողջապես համապատասխանում է իրականությանը, սակայն ոչ թե միլպետ Լյովա Գալստյանը, այլ կուսակցության Լենինականի քաղկոմի երկրորդ քարտուղար Լ. Գալստյանը հանդես եկավ պարզաբանմամբ՝ ասելով, որ Լենինականում տեղակայված զինվորական ավանի բնակիչներին՝ սպաների ընտանիքների անդամներին, այո, տեղավորում են առավել անվտանգ տեղեր՝ պատճառաբանելով, որ համաժողովրդական հուզումների արդյունքում կարող են լինել հարձակումներ նրանց վրա… Ավելացնեմ, որ սպաների ընտանիքներին տրվել էին տաք ծածկոցներ, մսի-պահածոների կոմբինատը հատկացրել էր պահածոներ։ Այս ամենի մասին ես գրել եմ 1990-ականների սկզբներին՝ «Ինչ գիտեր Լուկյանովը 88-ի երկրաշարժի մասին» վերտառությամբ հոդվածում: Ավելին, հիշատակել եմ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ և խռովության մեջ մեղադրվող Անատոլի Լուկյանովի պաշտոնապես արված սպառնալիքն այն մասին, որ եթե իրեն ազատ չարձակեն, ապա ինքը կասի ողջ ճշմարտությունը երկրաշարժի մասին: Այլ փաստեր ևս կան: Հիշենք ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների համագումարում Լյուդմիլա Հարությունյանի հարցը ԽՍՀՄ պաշտպանության նախարար Դմիտրի Յազովին, թե արդյո՞ք հասցրել են վտանգավոր ռազմական տեխնիկան դուրս բերել երկրաշարժի գոտուց: Պաշտպանության նախարարն ասաց, որ մինչև պայթյունն իրենք ամեն ինչ դուրս էին բերել։ Մյուս փաստերը, որոնք ինչ-որ կերպ առնչվում են երկրաշարժին, ես արդեն հրապարակել եմ։ Ժամանակին Սեյսմիկ պաշտպանության Հյուսիսային բաժանմունքի տնօրեն Սերգեյ Նազարեթյանը հերքեց այս ամենը, անգամ մեղադրանք հնչեցրեց իմ հասցեին, որ կասկածի տակ եմ առնում ԽՍՀՄ իշխանությունների գործունեությունը, որ երկրաշարժը չէր կարող տեխնածին լինել։ Այսօր, սակայն, առավել խորանում են մեր կասկածները: Հիշենք ՄԱԿ-ում, երկրաշարժից անմիջապես հետո, ԽՍՀՄ արտաքին գործերի մինիստր Է. Շևարդնաձեի պատասխանը լրագրողներին, թե արդյո՞ք հնարավոր է նման ուժի երկրաշարժ Վրաստանում: «Քանի դեռ ես արտաքին գործերի մինիստրն եմ, Վրաստանում նման ուժի երկրաշարժ չի կարող լինել»,- պատասխանեց Շևարդնաձեն։ Ի՞նչ է այս ամենը նշանակում…

Լևոն Մութաֆյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել