Ով էս տողերը կարդալուց հետո իրան թույլ կտա հեգնանքով խոսել ԲՀԿ-ի մասին, մինիմում կարկառուն ՀՀԿ-ական պաշտոնյա պետք ա լինի, որովհետև մենակ իրանք են ընդունակ բացարձակ ճշմարտությունները թարս հասկանալ ու մեկնաբանել...
---------------------------------------------------------------------------
Մեր երկրի ճակատագիրը մեր ձեռքերում է: Մեր փոխարեն մեր երկիրը ոչ ոք չի զարգացնելու, չի պաշտպանելու: Մենք կա՛մ այս գաղափարով կվարակենք ողջ ժողովրդին, կա՛մ մեր պետությունը կարող է կանգնել անվերադարձ կորուստների եզրին: Այդպես հաճախ է եղել մեր պատմության տարբեր փուլերում:
Ես պատրաստ եմ հրավիրել մեր երկրի լավագույն տնտեսագետներին՝ հավաքվելու, խելք-խելքի տալու, երկիրն այս վիճակից հանելու լուրջ ծրագիր մշակելու:
Ես պատրաստ եմ ցանկացած գումար դնել՝ հրավիրելու աշխարհի ամենահեղինակավոր տնտեսագետներին՝ միասին աշխատելու, միասին լուծումներ գտնելու:
Ես պատրաստ եմ գնալ աշխարհի բոլոր հայաշատ երկրները, հանդիպել մարդկանց, համոզել վերադառնալ հայրենիք, իրենց տների լույսը վառել:
Ես պատրաստ եմ ողջ աշխարհով մեկ առ մեկ հանդիպել աշխարհի տարբեր երկրներում ապրող մեծահարուստ ու հաջողակ մեր գործարար հայրենակիցներին, խնդրել, համոզել, որ Հայաստանում ներդրումներ անեն, գործ դնեն: Բայց ես գիտեմ, որ բոլորը ինձ տալու են նույն հարցը` իսկ արդյո՞ք կան երաշխիքներ և համապատասխան պայմաններ:
Ցավոք, այսօր ես չունեմ այդ հարցի պատասխանը:
Ես իմ կյանքում հասել եմ մեծ հաջողությունների: Սկսել եմ զրոյից, միայնակ, դժվար ճանապարհ եմ անցել:
Ես երբեք աչք չեմ դրել ուրիշի ունեցվածքին, չեմ ձգտել պաշտոնների:
Ես մտել եմ քաղաքականություն` հետապնդելով միայն մեկ նպատակ. ես ուզում եմ օգուտ տալ իմ երկրին ու իմ ժողովրդին: Եվ ես չեմ կարող լինել անտարբեր, երբ տեսնում եմ, որ խնդիրները շատանում են, իսկ մարդիկ՝ հուսալքվում:
Ես կարող էի ապրել անհոգ` միայն իմ ու իմ ընտանիքի համար: Բայց ես ընտրեցի ավելի բարդ, բայց նաև ավելի ազնիվ ճանապարհը:
Սա իմ գիտակցված ընտրությունն էր: Հետևաբար, ես շատ լավ հասկանում եմ խոչընդոտները և վտանգները: Եվ ես չեմ անելու երբեք մի քայլ, որից կամաչեմ ես, որից կամաչեն իմ ընկերներն ու թիմակիցները:
Ես պատրաստ եմ ցանկացած զարգացման, ցանկացած սցենարի: Բոլորդ հասկանում եք, որ ես նյութական բարիքների համար չեմ ընտրում այս ճանապարհը: Եվ ոչ փառասիրական մղումներով. ես ոչ ոքի ոչինչ չունեմ ապացուցելու: Սակայն ես չեմ կարող դիտորդի պես հետևել, թե ինչպես է իմ երկիրն օրեցօր թուլանում:
Չկա ավելի մեծ հատուցում, ավելի մեծ պարգև, քան պետությանը և քո ժողովրդին օգտակար լինելը:
Իսկ երբ կգա այն օրը, երբ ես կտեսնեմ, որ երկրում կատարվել են անհրաժեշտ ու ամենակարևոր փոփոխությունները, երկիրը զարգանում է ճիշտ ուղղությամբ, մարդկանց խնդիրները քայլ առ քայլ լուծվում են, ես մեծ սիրով կհեռանամ քաղաքականությունից: Կզբաղվեմ այլ գործերով, կզբաղվեմ սպորտի ոլորտով, բարեգործական ծրագրերով, որն ինձ շատ հոգեհարազատ է, ու այդպես օգտակար կլինեմ իմ ժողովրդին: