11-ամյա Սուպատրա Սասուպփանը բնակվում է Բանգկոկում: Գինեսի ռեկորդների գրքում հայտնվել է որպես աշխարհի ամենամազոտ աղջիկ: Նրա ողջ մարմինը պատված է խիտ մազածածկույթով, ինչը նրան նմանեցնում է գայլի: Հետաքրքրիր է, որ երեխան արդեն համակերպվել է իր յուրահատկության հետ և հպարտ է, որ այդքան հայտնի է դարձել:


11-ամյա Սուպատրան խոստովանել է, որ անչափ հպարտ է աշխարհի ամենամազոտ աղջկա կոչումը ստանալու համար: Ողջ կյանքը ուրիշ երեխաները նրան ծաղրում էին՝ ասելով «կապիկ» կամ «գայլ-աղջիկ», սակայն երբ աղջիկը հայտնվեց Գինեսի գրքում, նրա համադասարանցիները միանգամից փոխեցին վերաբերմունքը նրա հանդեպ: «Ես ուրախ եմ, որ գրանցվեցի Գինեսի ռեկորդների գրքում, շատ մարդիկ մեծ ջանջեր են գործադրում այնտեղ հայտնվելու համար, իսկ ինձ միայն մի քանի հարց տվեցին և վերջ»,- պատմել է աղջիկը:  


Սուպատրան տառապում է Ամբրասա բնածին ախտանիշով, որն ավելի հայտնի է որպես մարդագայլի ախտանիշ: Այն կապված է քրոմոսոմների փոփոխության հետ: Սուպատրան աշխարհում ապրող 50 մարդկանցից է, ովքեր տառապում է այդ հազվագյուտ գենետիկ հիվանդությամբ: Նրա մարմնի մազածածկույթն անհնար է վերացնել նույնիսկ լազերային միջամտությամբ. այն, ընդհակառակը, ավելի խիտ է դառնում: Աղջկա մայրիկը ժամանակ առ ժամանակ կտրատում է դեմքի մազերը, որպեսզի դրանք չխանգարեն տեսողությանը: Բացի այդ, աղջիկը տարբեր ալերգիաներ ունի:  


Հիմա, երբ դասընկերները Սուպատրային այլևս չեն ծաղրում, նա վերջապես կարողացել է ինտեգրվել իր շրջապատին և նույնիսկ հայտնի է դարձել:

«Ես սովոր եմ այս վիճակին և չեմ զգում դեմքիս մազերը, սակայն դրանց պատճառով երբեմն չեմ տեսնում շուրջս տեղի ունեցող իրադարձությունները: Հուսով եմ, որ մի օր կկարողանամ ազատվել դրանցից»,- պատմում է Սուպատրան: Աշխույժ փոքրիկը չի ընկճվում և թույլ չի տալիս, որ հիվանդությունը զրկի իրեն լիարժեք կյանքից:


«Ես մաթեմատիկա եմ սիրում, սակայն կցանկանամ հետագայում բժիշկ դառնալ և ուրիշներին օգնել առողջական խնդիրները լուծելու համար»,-խոստովանում է Սուպատրան: 

Աղջկա հայրը պատմել է, որ ծնվելուց երեխայի քթանցները շատ փոքր էին, և նա չէր կարողանում շնչել: Կյանքի առաջին ամիսներն անցկացրել է հատուկ խցիկի մեջ, հետագայում վիրահատություն արվեց և այդ խնդիրը հեռացվեց: Երեխային հիվանդանոցից վերցնելուց հետո, ծնողների համար մի շարք խնդիրներ սկսվեցին: «Երբ մեր հարևաններն առաջին անգամ տեսան մեր աղջկան, նրանք հարցրեցին, թե ինչ ծանր մեղք եմ ես գործել»,- խոստովանել է Սուպատրայի մայրը: 


Սակայն հիմա իրավիճակը հարթվել է, և երեխային այլևս ոչ ոք չի ծաղրում, և նա բազմաթիվ ընկերներ ունի: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել