Խորհրդարանական 4 կուսակցությունները բավականին երկար ժամանակ քննադատում են վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ համարելով, որ նա է մեղավոր երկրում իրականացվող տնտեսական բարեփոխումների համար, բայց այսօր ԵԿՄ համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանը փաստացի հայտարարեց, որ իր համար ընդունելի է Տիգրան Սարգսյանի իրականացրած տնտեսական կուրսը, և նախագահը մեսիջ ուղարկեց վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերին, որ վարչապետի փոփոխություն չի լինելու:
Վարչապետին քննադատող քաղաքական ուժերը այժմ հայտնվում են ավելի ծանր վիճակի մեջ, քանզի նրանք մի թևով քննադատում էին Տիգրան Սարգսյանին, մյուս կողմից խմում նախագահի կենացն ու հայտարարում, որ նախագահ Սերժ Սարգսյանն իրենց ընկերն է՝ մտածելով, որ կարող են անջրպետ առաջացնել նախագահի և վարչապետի միջև՝ հասնելու համար իրենց բաղձալի երազանքին. այն է՝ տիրանալ կառավարությանը:
Հիմա այդ ուժերը կամ ստիպված կլինեն այլևս չքննադատել վարչապետին, կամ պետք է հասկանան, որ քննադատելու դեպքում այդ սլաքներն ուղղվելու է իրենց կողմից «սիրված» նախագահ Սերժ Սարգյանի ուղղությամբ:
Հ.Գ. Վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերը նախագահի այսօրվա ելույթից հետո ստիպված կլինեն իրենց համար նոր արդարացում գտնել քաղաքականությամբ զբաղվելու կամ քաղաքականության մեջ իրենց գոյությունն արդարացնելու համար:
Հ.Գ.Գ. Տիգրան Սարգսյանը շարունակելու է պաշտոնավարել. սա նախագահ Սերժ Սարգսյանի մեսիջն էր կառավարության ղեկավարի աթոռի նկատմամբ կիրք ունեցող գործիչներին:



