1in.am-ը գրում է.
Մարդու իրավունքների անկյունաքարերից մեկը սեփականության, այդ թվում` աշխատավարձի իրավունքն է: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի ղեկավար Լարիսա Ալավերդյանը` հավելելով որ աշխատավարձերից հինգ տոկոս պարտադիր կուտակայինի պահումները մարդու սեփականության իրավունքի ոտնահարման դասական օրինակ են:
«Ընդ որում՝ ՀՀ քաղաքացու իրավունքները խախտվում են ամենաբարձր կետից`օրենսդիրի մակարդակով: Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ոչ ոքի վստահություն չի ներշնչում, և քանի դեռ Սահմանադրական դատարանն այս հարցով վերջնական որոշում չի կայացրել, հինգ տոկոսի պահումը պետք է դիտել որպես քաղաքացիների սեփականության իրավունքի խախտում: Մեկ այլ դեպքում մարդիկ հաճախ զոհ են դառնում նոտարներին, որոնք խաբում են ոլորտից տարրական գիտելիքներ չունեցող քաղաքացիներին` նրանց զրկելով օրինական ժառանգությունից, այն է` սեփականության իրավունքից: Օրինակ, նոտարն ասում է` եկեք վեց ամսից, սակայն վեց ամիս հետո մարդը հայտնաբերում է, որ ինքն ուշացել է և օրենքով սահմանված կարգով այլևս չի կարող տիրապետել իրեն ժառանգված գույքին կամ ունեցվածքին»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:
ՀԿ-ի նախագահի խոսքով՝ մարդիկ, ում իրավունքները ոտնահարվել են, շատ դեպքերում չեն ուզում բողոքել կամ գերադասում են իրավունքների ոտնահարման վերաբերյալ անանուն ինֆորմացիա տալ: «Մարդը, ով աշխատավարձ է ստանում, չի կարող և չպետք է աղքատության շեմին լինի. դա նոնսենս է, մինչդեռ Հայաստանում աշխատող քաղաքացիների մեծ մասն աղքատ է»,- ասաց նա:
Անդրադառնալով Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի երեք աշխատակիցների` աշխատանքից հեռացնելու փաստին` Լարիսա Ալավերդյանը նշեց` պարզից էլ պարզ է, որ նրանց նկատմամբ անօրինական գործողություն է կատարվել: «Այս պարագայում գործատուն պետք է պատասխանատվության կանչվի»,- շեշտեց նա:



